Սեղանի թենիս մարզաձևում հաղթեց կառավարման ֆակուլտետը

Դիտումների քանակ՝ 1190

«Ուսանողական աշուն-2013» մարզամշակութային փառատոնի շրջանակներում այսօր տեղի ունեցավ միջֆակուլտետային հերթական խաղ-մրցումը՝ սեղանի թենիս մարզաձևում:

Մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ. 1-ին պատվավոր հորիզոնականը գրավեց կառավարման ֆակուլտետի թիմը, 2-րդը՝ ֆինանսական ֆակուլտետի,  3-րդը՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի թիմերը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում սեղանի թենիսի  մրցույթի  մրցավար Մեսրոպ  Ղուկասյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, թիմերի պատրաստվածությունը կարելի է գնահատել լավ, նույնիսկ՝ գերազանց, պայքարն ընթացել է լարված և անզիջում պայմաններում:

«Ցանկանում եմ նշել, որ լավագույն խաղը ցույց տվեց Տիգրան Շիրվանյանը՝ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետից, ով խաղաց առանց պարտության, լավ խաղով աչքի ընկան նաև Արմինե Յարալովան և Հակոբ Խուդավերդյանը՝  կառավարման ֆակուլտետից, Աննա Ասատրյանը՝ ֆինանսական ֆակուլտետից»,- հավելեց մրցավարը:

Խաղացողներին քաջալերում էին ուսանողները, խաղին հետևելու էր եկել նաև ՏԿ և ՄՏՀ դեկան Ատոմ Մարգարյանը:

Մեսրոպ Ղուկասյանը տեղեկացրեց նաև, որ մեծ է ուսանողների հետաքրքրությունը սեղանի թենիսի նկատմամբ և այսօրվա մրցումից հետո լավագույն խաղով աչքի ընկածները կհամալրեն բուհի սեղանի թենիսի  հավաքականի կազմը:

Տեղեկացնենք, որ հաջորդիվ կկայանա ֆուտբոլի միջֆակուլտետային խաղը:

Շնորհավորում ենք հաղթողներին, մաղթում՝ նորանոր հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին