Օգտակար տեղեկություններ գրադարանի մասին. ՀՊՏՀ պաշտոնական կայքի գրադարան բաժինը հարստացվել է

Դիտումների քանակ՝ 823

Հարգելի ուսանողներ, գործընկերներ, տեղեկացնում ենք, որ ՀՊՏՀ պաշտոնական կայքի գրադարան բաժնում կատարվել են մի շարք փոփոխություններ. բաժինը վերակառուցվել և հարստացվել է նոր խորագրերով, որոնք պարունակում են օգտակար տեղեկություններ: Այժմ «Գրադարան» բաժնի ներքո ներկայացված է գրադարանի ստեղծման պատմությունը, գրադարանի ֆոնդի անձնագիրը, էլեկտրոնային գրացուցակը, որով ընթերցողները կարող են ծանոթանալ, թե ինչպիսի գրքեր կան գրադարանում: «Նոր գրքեր» խորագրի ներքո պարբերաբար հրապարակվելու են գրադարանի նոր գրքերի ու ամսագրերի ցանկերը՝ այցելուներին տեղեկացնելով գրքային նոր համալրումների մասին, «Հավաքածուներ» խորագիրը ներկայացնում է համալսարանի գրադարանում առկա ամսագրերն ու տեղեկատվություն սեղմագրերի մասին: Տեղեկատվություն կա նաև գրադարանից օգտվելու կանոնների, աշխատանքային ժամերի մասին, իսկ առաջարկությունների պատուհանը հնարավորություն է տալիս հարցերի դեպքում ուղիղ դիմել գրադարանի տնօրինությանը՝ ապահովելով հետադարձ կապ:

Բաժնի բոլոր խորագրերն ու նյութերը պարբերաբար թարմացվում են: Նորացվել է նաև բաժնի լուսանկարային ֆոնդը, որը նկարագրում է գրադարանային առօրյան  և գրքային ռեսուրսները: Առաջիկայում կլինեն նաև նոր ենթաբաժիններ՝ «Շտեմարան», «Օգտակար հղումներ» և այլն:

Հիշեցնենք, որ կայքում գործում է նաև էլեկտրոնային գրադարանը: Առաջիկայում էլեկտրոնային գրադարանը կներկայանա նոր ձևով ու բովանդակությամբ. թվայնացվելու է ամբողջ գրադարանի ֆոնդը, սակայն այս մասին մանրամասները կհայտնենք առաջիկայում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին