ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովի բաժանմունքներում այսօր հնչեցին վերջին զեկուցումները

Դիտումների քանակ՝ 867

ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովի շրջանակներում այսօր ևս տարբեր բաժանմունքներում հնչեցին զեկուցումներ: Հետաքրքիր զեկույցներով  ելույթ ունեցան ՀՊՏՀ գիտության բաժնի պետ, տ.գ.թ., դոցենտ Խորեն Մխիթարյանը`«ՀՀ բանկային համակարգի իրացվելիության կառավարման արդի գերակայությունները», փ.գ.թ.,դոցենտ Յուրի Հովականյանը` «Տափարակ աշխարհի հայեցակարգը և ՀՀ հոգևոր անվտանգության մարտահրավերները», տ.գ.թ., դոցենտ Աղավնի Հակոբյանը` «ՀՀ արդյունաբերական քաղաքականության զարգացման հիմնախնդիրների շուրջ» թեմաներով  և ուրիշներ:

Զեկույցները լսելու էին եկել ինչպես դասախոսները, այնպես էլ ՀՊՏՀ այլ աշխատակիցներ և ուսանողներ:

Բաժանմունքների եռօրյա աշխատանքների ընթացքում հնչած բոլոր զեկուցումների   վերաբերյալ արվել են մի շարք հետաքրքիր հարցադրումներ և ծավալվել է բանավեճ-քննարկում:  Բաժանմունքների համակարգողները, ընդհանուր առմամբ, գոհ են զեկույցներից:

«ՀՀ տնտեսական զարգացումը և տնտեսական անվտանգությունը. խնդիրներ և հեռանկարներ» խորագրով բաժանմունքի համակարգող, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.դ.,պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց, որ գիտաժողովի շրջանակներում ներկայացված բոլոր զեկուցումներում արվել են հետաքրքիր շեշտադրումներ, վերհանվել են տնտեսական մի շարք հիմնախնդիրներ և փորձ է արվել տալ դրանց լուծումներ:

«Զեկուցումներում առկա էր նաև կատարված ուսումնասիրությունների կիրառական տարրը, որը թեև ոչ ավարտուն, բայց հետաքրքիր էր: Հատկապես քննարկվեց գլոբալացման ազդեցության որոշ առանձնահատկություններ` պետության և հասարակության կենսագործունեության տարբեր ոլորտների, այդ թվում՝ պետությունների ինքնիշխանության պահպանման և ազգային տնտեսությունների վրա, խոսվեց գլոբալացմանը բնորոշ սոցիալական հետևանքների մասին և այլն», - նշեց Սամվել Ավետիսյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վաղը`հոկտեմբերի 25-ին, կամփոփվեն ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովի արդյունքները: Բաժանմունքի ղեկավար-համակարգողները նշեցին, որ զեկուցումների մասին  առավել ընգրկուն գնահատական  կտան վաղվա ամփոփման ընթացքում:

Իսկ մինչ այդ՝ ժամը 10.00-ին, նիստերի դահլիճում կհրավիրվի կլոր սեղան «Մաքսային Միությանը ՀՀ անդամակցությունը» թեմայով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին