«Բաց դասի» կազմակերպման նոր մոտեցում. քննարկում ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետում

Դիտումների քանակ՝ 1312

Այսօր ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի նախաձեռնությամբ, մագիստրանտների մասնակցությամբ, տեղի ունեցավ  «Բաց դաս», որը  տարբերվեց «բաց դասերի» կազմակերպման «ավանդական» եղանակից:

«Բաց դասի» կազմակերպիչներից տ.գ.թ., ասիստենտ Հայկ Ավետիսյանը, ով նաև դասի ղեկավարն էր, նշեց, որ ուսանողները ներկայացրել են Արժույթի միջազգային հիմնադրամի հրատարակած զեկույցը, որը բաղկացած է մի քանի մասերից: Մասնավորապես անդրադարձ եղավ   համաշխարհային տնտեսության կանխատեսումներին, միջազգային ապրանքային շուկայական զարգացումներին, համաշխարհային մակարդակով տնտեսական ազդեցությունների փոխանցման մեխանիզմներին, կապիտալի միջազգային հոսքերի ժամանակակից առանձնահատկություններին և տնտեսական քաղաքականությունների կարգավորմանը:

Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի ժամանակավոր  պաշտոնակատար Գրիգոր Նազարյանը  լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց, որ սա նմանատիպ դասերի կազմակերպման առաջին փորձն է և նպատակ ունի ուսանողների մոտ զարգացնել մասնագիտական հետազոտական հմտությունները, նրանց իրազեկել համաշխարհային տնտեսական զարգացումներին: Մեզ հետ զրույցում նա մասնավորապես նշեց. «Ուսանողները բաժանվել են մի քանի խմբերի և փորձել են ներկայացնել համաշխարհային տնտեսական զարգացումներն` ըստ տարածաշրջանների: Այսօր ներկայացվել և քննարկվել է  Արժույթի միջազգային հիմնադրամի հրատարակած (հոկտեմբեր, 2013թ.) «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» թեմայով զեկույցը: Հիմնական նպատակներից մեկն այն է, որ ուսանողները զարգացնեն թեմայի շուրջ հիպոթեզներ առաջարկելու հմտությունները: Նմանատիպ դասերից ակնկալում ենք  նաև ակտիվ բանավեճեր»:

Մագիստրանտները լուսապատկերների միջոցով  ներկայացրեցին տնտեսական վերոնշյալ թեմաները, որոնց շուրջ ծավալվեց քննարկում և արվեցին առաջարկներ:

Գրիգոր Նազարյանը հավելեց, որ այս եղանակով «Բաց դասերի» կազմակերպումը արդյունավետ և խրախուսելի է, ուստի նախատեսվում է առաջիկայում ևս  այս ձևաչափով դասեր և քննարկումներ կազմակերպել:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին