Մեկնարկեց ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովը. ՀՀ գիտության զարգացումը` տնտեսության զարգացման և ազգային անվտանգության երաշխիք

Դիտումների քանակ՝ 1173

Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում  մեկնարկեց «Տնտեսական զարգացման քաղաքականության արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովը, որն անցկացվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:

Գիտաժողովի լիագումար նիստը, ՀՊՏՀ ռեկտոր տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի նախագահությամբ, վարում էր ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը: Լիագումար նիստի մասնակիցներին դիմելով` Գագիկ Վարդանյանը նշեց, որ  ՀՊՏՀ գիտաժողովն այս անգամ նվիրված է մեր երկրի տնտեսական զարգացման քաղաքականության արդի հիմնախնդիրներին, որոնք միշտ առկա են, պարզապես դրանց բնույթն է փոխվում, և որոնց առնչությամբ տնտեսագետները պարտավոր են առաջարկել լուծումներ: Այնուհետև պրոռեկտորը ներկայացրեց գիտաժողովի ժամանակացույցը, որը կընդգրկի 4 բաժանմունքների աշխատանքը, կլոր սեղաններ և կավարտվի հոկտեմբերի 25-ին:

Լիագումար նիստն իր ելույթով բացեց ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը` շեշտելով, որ համալսարանական գիտաժողովների նպատակը մեկ տարում կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքների համախմբված ներկայացումն է և հետազոտությունների հետագա ուղղությունների նախանշումը: Ռեկտորի ամբողջական ելույթին ծանոթացեք այստեղ՝ http://media.asue.am/upload/Gitajoxov_rector.pdf:

Այնուհետև գիտաժողովի մասնակիցներին ՀՊՏՀ ռեկտորը ներկայացրեց «Համալսարանական գիտության և երկրի տնտեսական զարգացման քաղաքականության  առնչությունները» թեմայով զեկուցումը: Հատկանշելով, որ Հայաստանի Հանրապետությունում գիտության զարգացումը պետք է լինի ոչ միայն ազգային հպարտության առիթ, այլ նախևառաջ տնտեսության զարգացման և ազգային անվտանգության երաշխիք` ներկայացրեց երկրի գիտակրթական զարգացման հիմնական նպատակները: Այս ճանապարհին նա մատնանշեց այն կարևոր նախադրյալները, որոնք կօգնեն ժամանակակից համալսարաններին` ընդառաջ գնալու արդի մարտահրավերներին և ապահովելու գիտական ներուժի վերարտադրությունը: «Ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետությունը մտնի համաշխարհային կրթական շուկա և ունենա իր յուրահատուկ նիշը»,-ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը: Բուհի ղեկավարի ամբողջական զեկուցմանը ծանոթացեք այստեղ՝  http://media.asue.am/upload/Zekuyc_Rector.pdf:

Գիտաժողովի երկրորդ զեկուցողն էր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Հարությունյանը` «ՀՀ գիտության ոլորտի զարգացման միտումները և խնդիրները» թեմայով զեկուցմամբ:  Բանախոսը զեկուցմանն անցնելուց առաջ նշեց, որ իր ելույթը լինելու է ռեկտոր Աթոյանի զեկուցման տրամաբանական շարունակությունը: Նա մի փոքր պատմական անդրադարձ կատարեց Հայաստանում գիտական ոլորտի իրավիճակին, որը հաջորդել էր ԽՍՀՄ փլուզմանը, Ղարաբաղյան պատերազմին և աղետալի երկարաշարժին, այն բարեփոխումներին, որոնց սկիզբը դրվեց 1996-97 թթ. և ապա 2007 թ. ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ստեղծմանը: Վերջին 5 տարիներին կոմիտեի ձեռնարկած և իրագործած բարեփոխումների համատեքստում Սամվել Հարությունյանը  խոսեց մեր երկրում գիտության զարգացման ուղղությամբ կոմիտեի թիրախային խնդիրների մասին, ներկայացրեց ծրագրերը, օրենքները, ՀՀ Կառավարության որոշումները, որոնք, բանախոսի ձևակերպմամբ, ունեն համակարգաստեղծ նշանակություն, որդեգրված ռազմավարությունը և այն կատարված հսկայածավալ աշխատանքը, ստեղծված բազան, որն ի ցույց է հանում մեր երկրի գիտական ներուժը, լուծում պահանջող խնդիրները և ապագային ուղղված միտումները:

Անդրադարձ կատարելով մեր համալսարանին` Սամվել Հարությունյանը նշեց, որ ՀՊՏՀ-ն այն համալսարանն է, որտեղ կա բարձրորակ պրոֆեսորադասախոսկան կազմ, և որը ապագայում կարող է միավորել մի քանի հետազոտական ինստիտուտներ:

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը պատասխանեց ՀՊՏՀ դասախոսներին հետաքրքող բազմաթիվ հարցերի: Նրա բարձրացրած հիմնախնդրին ի պատասխան, որ հանրապետության հետազոտական կենտրոններում չկան կառավարիչներ, պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը նշեց, որ մեր համալսարանը նախատեսում է կրթության կառավարիչների մասնագիտության համար կազմակերպել նաև ասպիրանտական կրթություն:

ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր Գագիկ Վարդանյանի զեկուցման թեման էր «Գիտելիքի կառավարումը և տնտեսական զարգացումը»: Անդրադառնալով գիտելիքի կառավարմանն առնչվող հիմնախնդիրներին` Գագիկ Վարդանյանը խոսեց գիտելիքի մասին հիմնական հասկացությունների, տնտեսության զարգացման համար գիտելիքի և տեղեկատվության նշանակության մասին, կարևորեց «բնիկ գիտելիքն»  ու դրա դերը, գիտելիքի և տեղեկատվության ճիշտ օգտագործումը:

Գիտաժողովն այսօր և առաջիկա օրերին իր աշխատանքները կշարունակի 4 բաժանմունքներում`  «Գործարար միջավայր և ներդրումային քաղաքականություն»,  «Ֆինանսական շուկաներ և հարկային քաղաքականություն»,  «ՀՀ տնտեսական զարգացումը և տնտեսական անվտանգությունը. խնդիրներ և հեռանկարներ»,  «Միջազգային տնտեսական համագործակցություն» խորագրերով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին