Մեր մայրաքաղաքի տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցության համար պարգևատրվել են ՀՊՏՀ ուսանողները

Դիտումների քանակ՝ 769

Հոկտեմբերի 18-ին ՀՊՏՀ է այցելել Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը՝ մեր բուհի ուսանողական խորհրդին և ուսանողներին մայրաքաղաքի 2795-րդ տարեդարձին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին մասնակցություն ունենալու համար շնորհակալություն հայտնելու: Քաղաքապետի օգնականը մեր ուսանողներին հանձնել է շնորհակալագրեր և հույս հայտնել, որ քաղաքապետարանի և ՀՊՏՀ ուսանողների հետ համագործակցությունը շարունակական կլինի:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում  ուսանողական խորհրդի ներկայացուցիչ Հայկ Բեջանյանը նշեց, որ ուսխորհուրդը մեծ խանդավառությամբ և սիրով  ամեն տարի ակտիվորեն  մասնակցում է մայրաքաղաքին նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքներին, ինչն, անշուշտ, աննկատ չի մնում:

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը ոչ միայն  ակտիվ գործունեություն է իրականացնում բուհի ներսում, այլև հասարակական ակտիվություն է ցուցաբերում մի շարք միջոցառումներում:

Լուսանկարը` ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան պաշտոնական էջից

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին