Էրեբունի-Երևանի 2795-ամյակին նվիրված միջոցառում՝ ՀՊՏՀ-ում
Այս տարի նշվում է Էրեբունի -Երևանի 2795–ամյակը, որին նվիրված տոնակատարությունները, ըստ Երևանի քաղաքապետարանի հրապարակած միջոցառումների ժամանակացույցի, սկսվում են այսօր և կավարտվեն վաղը:
ՀՊՏՀ ուսանողական խորհուրդն այսօր երկար դասամիջոցի ժամին համալսարանի բակում կազմակերպեց ֆլեշ մոբ՝ նվիրված մեր մայրաքաղաքի տարեդարձին, որի ընթացքում ուսանողները հայրենասիրական և մայրաքաղաքին նվիրված երգերի ներքո ծածանեցին եռագույնը և կատարեցին ազգային պարեր:
Ֆլեշ մոբի մասնակիցը դարձան նաև բուհի ղեկավարության ներկայացուցիչները` պրոռեկտորները, ովքեր Երևանի տոնի հետ կապված իրենց հիշողությունները պատմեցին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին:
«Սա ամբողջ հայ ժողովրդի տոնն է, հայկական ամենագեղեցիկ տոներից մեկը: Գտնվելով ուսանողների կազմակերպած այս գեղեցիկ միջոցառմանը՝ ինձ մոտ երիտասարդ տարիների հաճելի հիշողություններ առաջացան, հիշեցի, երբ տարիներ առաջ որպես ուսանող մասնակցում էի Երևանի 2750-ամյակին: Նման միջոցառումների կազմակերպումը առհասարակ բոլոր բուհերում ցանկալի և հաճելի է»,- ասաց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը:
«Նայելով այս գեղեցիկ ուսանողական միջավայրին, ուսանողների ուրախ հայացքներին՝ ինձ մոտ առաջանում են երիտասարդ տարիների հիշողություններ: Մեր ուսանողական տարիներին այս տոնը նույնպես նշվում էր, այն շատ գեղեցիկ տոն է»,- ասաց ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը:
Ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը, քանի որ այն ուսանողներին համախմբելու, բուհական առօրյան հետաքրքիր դարձնելու մի ձև է: Ուսանողական գեղեցիկ ֆլեշ մոբին պատուհաններից հետևում էին նաև բուհի աշխատակիցները:
«Երևանը հարազատ է բոլորիս, այն ողջ հայության մայրաքաղաքն է և համախմբում է մեզ: Ես Դիլիջանից եմ, բայց այժմ ապրում եմ Երևանում: Կարճ ժամանակում քաղաքն ինձ հարազատ է դարձել, այն սիրում եմ հատկապես իր գեղեցիկ փողոցների, աշխույժ երիտասարդական միջավայրի համար», - ասաց ուսանողներից մեկը:
Ուսանողները բակի տաղավարներից մեկում կազմակերպել էին նաև հյուրասիրություն. ազգային ուտեստներ` մատուցված հայկական զարդանախշերով գորգի, կավե սափորների համադրությամբ:
Ուսանողներն, ի նշան խաղաղության, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների բարձրահարկ ֆակուլտետի պատուհաններից դուրս էին բերել հայկական դրոշի գույներով փուչիկներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին