ՀՊՏՀ ուսանողական խորհուրդն ավարտեց առաջին կուրսեցիների հետ հանդիպումների շարքը

Դիտումների քանակ՝ 1000

Այսօր ուսանողական խորհրդի ներկայացուցիչները  հանդիպեցին տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիների հետ:

Հիշեցնենք, որ  հանդիպումների շարքն ուսխորհուրդը սկսել էր սեպտեմբերի 9-ին` յուրաքանչյուր աշխատանքային օր հանդիպելով մեկ ֆակուլտետի ուսանողների հետ:

Ուսանողական խորհրդի փոխնախագահ Սերգեյ Խառատյանը և «Էկոնոմ plus» ամսագրի գլխավոր խմբագիր Հայկ Բեջանյանը այսօր ուսանողներին ներկայացրեցին ՈՒԽ-ի կառուցվածքն ու գործառույթները:

Հանդիպման նպատակը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեր բուհի նոր ուսանողներին ուսխորհրդի առաքելությանը,  նպատակներին,  կառուցվածքին ու գործունեությանը ծանոթացնելն է, ինչպես նաև նրանց արագորեն ՈՒԽ-ին ինտեգրելը: Հանդիպումները լավ  հնարավորություն ընձեռեցին մեր նորաթուխ ուսանողներին` տեղեկանալու, որ բուհում բացի այլ կառույցներից, գործում է նաև ուսանողական խորհուրդը, որն առաջնահերթ կոչված է պաշտպանելու   ուսանողների շահերը: Ուսանողները  տեղեկացան նաև, որ ՈՒԽ-ն հիանալի կերպով իրականացնում է կրթամշակութային գործառույթ, որի շրջանակներում կազմակերպվում են բազմաբնույթ  միջոցառումներ` ճանաչողական արշավներից  մինչև  «Ուսանողական գարուն»  ամենամյա փառատոն, իրականացվում է ուսանողական «Էկոնոմ plus» ամսագրի հրատարակությունը, որտեղ արծարծվում են տարբեր խնդիրներ, բացահայտվում են տաղանդավոր ուսանողներ և այլն:

Այսօր ուսխորհրդականները նաև  նվեր հանձնեցին  ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան էջի 4000-րդ «հավանողին»  (լայքողին). տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների  ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Հովհաննիսյանը ստացավ գեղեցիկ շապիկ` նկարազարդված ուսխորհրդի և ֆեյսբուքի  տարբերանշաններով:

Հանդիպման ընթացքում ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը առաջին կուրսեցիներից տեղեկացավ, որ նրանցից շատերն արդեն բուհի պաշտոնական կայքի (asue.am) , ֆեյսբուքյան պաշտոնական էջի, ինչպես նաև ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան էջի նորությունների  ընթերցողներն են :

Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի 1-ին կուրսեցի Լուսինե Խառատյանն ասաց, որ ամենաշատն օգտվում է ՀՊՏՀ պաշտոնական կայքից, որտեղ կարելի է շատ ինֆորմացիա գտնել բուհի մասին  և տեղեկանալ ամենօրյա անցուդարձին:

Ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը, ամփոփելով բոլոր հանդիպումները, մեզ հետ զրույցում նշեց, որ ակնկալվում է 1-ին կուրսեցիների ակտիվ մասնակցությունը ուսխորհրդի աշխատանքներին: Նա նաև  հույս հայտնեց, որ նորեկները հանդես կգան ուսանողական առօրյան և ժամանցը հետաքրքիր դարձնելու նոր նախաձեռնություններով:

Ի դեպ`  ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը վերսկսում է  «Ճանաչենք մեր հայրենիքը» պատմամշակութային-ճանաչողական արշավների շարքը: Ուսխորհրդի փոխանցմամբ` սեպտեմբերի 21-ին կկայանա այս ուսումնական տարվա առաջին արշավը:        

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին