Գիտահետազոտական աշխատանք` գերմանական բուհում

Դիտումների քանակ՝ 1031

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD)` գիտնականների և բուհերի դասախոսների համար գիտական ծրագրի շրջանակում և անվանական հրավերով ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Կարեն Գրիգորյանը երկամսյա (հուլիս-օգոստոս) գիտահետազոտական աշխատանք է իրականացրել Գերմանիայի Տրիրի համալսարանի միջազգային տնտեսական քաղաքականության ամբիոնում:

Գիտական նախագծի թեման է «Եվրոպական Միության կառավարման մարմինների և ԵՄ անդամ երկրների արդյունաբերական քաղաքականության ուսումնասիրությունը»:

«Զարգացած արդյունաբերություն ունեցող ԵՄ անդամ շատ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, ունեն բավական մեծ փորձ այդ բնագավառում, որի ուսումնասիրությունը և ՀՀ-ում հնարավորինս կիրառումը կարող է օգտակար լինել ՀՀ տնտեսության զարգացման գործում: Հատկապես կարևոր է ավելացած արժեքների մեծացմանն ուղղված եվրոպական քաղաքականությունը»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին փոխանցած տեղեկատվության մեջ նշում է Կարեն Գրիգորյանը և ավելացնում, որ հիշյալ աշխատանքային այցի ընթացքում զուգահեռաբար ուսումնասիրել է նաև գերմանական բուհի փորձը համալսարանական կրթական բարեփոխումների, գիտության զարգացման, համալսարանի ենթակառուցվածքների և միջազգայնացման բնագավառներում, մասնակցել է գերմանացի պրոֆեսորների բազմաթիվ դասախոսություններին և բաց սեմինարներին:

Կարեն Գրիգորյանի ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են հրավիրող ամբիոնի պրոֆեսորադասախոսական համակազմի քննարկմանը` արժանանալով դրական կարծիքի: Նախատեսվում է նաև հետազոտության արդյունքների հրապարակում համապատասխան մասնագիտական ամսագրում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին