Դեկան Ատոմ Մարգարյանը` «Ինովացիոն փոփոխությունների տնտեսագիտություն» միջազգային ծրագրի մասնակից

Դիտումների քանակ՝ 1231

ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանն այս ամառ երկու ամիս գտնվել է Գերմանիայի Դաշնությունում, որի ընթացքում մասնակցել է Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի և Մաքս Պլանկի հետազոտական ինստիտուտների համակարգում գործող Յենայի տնտեսագիտության ինստիտուտի համատեղ հետազոտական ծրագրին` «Ինովացիոն փոփոխությունների տնտեսագիտություն» խորագրով: Յենայի 7-րդ ամառային ակադեմիայի երեքշաբաթյա այդ ծրագրին մասնակցել են 40 գիտնականներ աշխարհի տարբեր համալսարաններից` Հարվարդից, Յեյլից, Գրիֆիտից, Սիդնեյից, Մյունխենից, Մայնից և Յենայից:

Մեզ հետ զրույցում Ատոմ Մարգարյանն ասաց, որ հրավիրված գիտնականներին առիթ է ընձեռվել ներկայացնելու իրենց հետազոտությունների արդյունքները, հանդես գալու շնորհանդեսներով, տնտեսագետ տեսաբանների հետ գիտագործնական շփումներ հաստատելու, ինչը հագեցած էր նոր և առաջավոր գաղափարների արծարծումներով:

«Իմ ներկայացրած ծրագիրը շաղկապված է մեր համալսարանի գիտական դրամաշնորհային ծրագրով իմ ղեկավարությամբ իրականացվող «ՀՀ տնտեսության նորամուծային-տեխնոլոգիական արդիականացումը երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոխակերպման պայմաններում» գիտահետազոտական թեմային: Իսկ այն հետազոտությունները, որոնք ներկայացվել են Յենայի 7-րդ ամառային ակադեմիայի ծրագրի շրջանակներում այժմ մշակման փուլում են և, որպես համատեղ գիտահետազոտական աշխատություններ, կհրապարակվեն «Evolutionary Economics» ամսագրում և տնտեսագիտական այլ ամսագրերում»,- ասաց Ատոմ Մարգարյանը` ավելացնելով, որ փորձի փոխանակումն իր համար, որպես դեկանի, հետաքրքրական էր նաև ուսումնական գործընթացի կազմակերպման առումով:

Ավելացնենք, որ Ատոմ Մարգարյանը DAAD-ի` Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության կրթաթոշակառու է և 1991 թվականից ի վեր 3 տարին մեկ անգամ` 3 ամսով, գերմանացի գործընկերների հրավերով այցելում է Գերմանիայի տարբեր համալսարաններ` մասնակցում գիտական մտքի ու փորձի փոխանակումների, ներկայացնում նոր ուսումնասիրություններ նորամուծական տեխնոլոգիաների փոփոխությունների և տեխնոլոգիական զարգացումների վերաբերյալ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին