Մենք շահագրգռված ենք բուհում զարգացնելու հետազոտական ուղղությունը. մեկնարկեց «Զարգացում» ներհամալսարանական գիտաժողովը

Դիտումների քանակ՝ 960

Աղվերանում այսօր մեկնարկեց «Զարգացում» ներհամալսարանական գիտաժողովը` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի, ներհամալսարանական գիտական դրամաշնորհների և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի բյուջետային ֆինանսավորմամբ թեմաներում ներգրավված հետազոտողների մասնակցությամբ:
«Հարգելի գործընկերներ, ողջունում եմ գիտաժողովի մասնակիցներին այս հետաքրքիր և կարծում եմ նաև շարունակական գործընթացի կապակցությամբ: Բուհի և ղեկավարությունը, և պրոֆեսորդասախոսական կազմը շահագրգռված են բուհում զարգացնելու հետազոտական ուղղությունը: Այս առումով մենք չենք կարող հետ մնալ միջազգային զարգացումներից»,- գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գիտական խորհրդատուների խորհրդի նախագահ Կորյուն Աթոյանը: Համալսարանի ղեկավարը հաջող ընթացք մաղթեց գիտաժողովի մասնակիցներին` հույս հայտնելով, որ հետազոտական ուղղությունը զարգացնելու ուղղությամբ բուհի ձեռնարկած քայլերը կտան դրական արդյունք:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև կառավարման ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը` նկատելով, որ մեր համալսարանը թերևս հայաստանյան համալսարաններից առաջինն է, որը նման ներդրում է կատարում գիտության զարգացման գործում, ինչը, ըստ նրա, ողջունելի է: Անդրադառնալով համալսարանների միջազգային հավատարմագրման գործընթացին` Յուրի Սուվարյանը նշեց, որ տվյալ գործընթացում գիտության զարգացման ուղղությամբ արվող քայլերը բարձր գնահատականի են արժանանում, ուստի մեր համալսարանի կողմից գիտության զարգացմանն ուղղված ներկա քայլերը բարձր գնահատականի կարժանացնեն նաև մեր համալսարանը: Գիտաժողովը ողջունեց նաև միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը` հայտարարելով, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ստեղծումը հեղափոխական քայլ էր, քանի որ վերջին տարիներին սա առաջին դեպքն է, երբ հետազոտական գործունեության մեջ նման ներդրումներ են արվում: «Սկիզբը խոստումնալից էր, բայց շատ կարևոր է, որ արդյունքը ևս լինի խոստումնալից»,- նշեց Միքայել Մելքումյանը:
Եռօրյա գիտաժողովի առաջին օրը նվիրված էր ՀՀ կառավարության ծրագրի գերակայությունների շրջանակներում ՀՊՏՀ ներքին դրամաշնորհային թեմաներով կատարվող հետազոտությունների ընթացիկ արդյունքներին: Ներքին դրամաշնորհների շրջանակներում բուհում հետազոտություն իրականացնող խմբերը հանդես եկան զեկուցումներով` ներկայացնելով մինչ այս պահը արված աշխատանքների հաշվետվությունները:
«Գիտաժողովի առաջին օրը հետազոտող թիմերը հանդես եկան զեկուցումներով` ներկայացնելով հետազոտությունների միջանկյալ արդյունքները: Այդ զեկուցումներում շահեկանորեն աչքի ընկան մի քանի զեկույցներ, որոնք պարունակում էին խորը վերլուծություններ և արժեքավոր եզրահանգումներ, որոշ զեկուցումներում առկա էր ակադեմիական բաղադրիչը, այդուհանդերձ հստակ երևում էր, որ հետազոտողները առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ գործնական առաջարկներ ներկայացնելու ուղղությամբ քայլ են կատարել»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, կենտրոնի գիտական ղեկավար Գագիկ Վարդանյանը` ավելացնելով, որ ներքին գիտական դրամաշնորհների տրամադրման այս առաջին փորձն, ընդհանուր առմամբ, հաջողված կարելի է բնութագրել: «Սա սկիզբն է որակական փոփոխությունների և կարծում եմ, որ առաջիկա մի քանի ամիսներին մենք կարող ենք ունենալ ակնկալվող արդյունքները, ինչը լավ հենք կհանդիսանա համալսարանում հետազոտական գործունեության ուժեղացման համար: Սա «Ամբերդ» հետազոտական կենտրոնում մեկնարկած հետազոտությունների նախադուռն է և կենտրոնի աշխատանքների արագացուցիչը»,- եզրափակեց Գագիկ Վարդանյանը:
Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև առաջիկա երկու օրերին. մասնավորապես վաղը սպասվում է համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտական ուղղությունների հայեցակարգային մոտեցումների ներկայացումը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին