ՀՊՏՀ «Ամբերդ» կենտրոնի հետազոտողը մասնակցել է երիտասարդ գիտնականների դպրոցի

Դիտումների քանակ՝ 2416

Հոկտեմբերի 16-20-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի դրամաշնորհային ծրագրի շրջանակում անցկացվել է Երիտասարդ գիտնականների դպրոց՝ «Տարածաշրջանային մարտահրավերները» խորագրով: Աշնանային դպրոցին մասնակցելու համար մրցութային կարգով ընտրվել են տարբեր բուհերի մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողներ, հետազոտողներ, լրագրողներ և պետական տարբեր օղակների ներկայացուցիչներ: Դպրոցին ՀՊՏՀ-ից մասնակցել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կրտսեր հետազոտող, վիճակագրության ամբիոնի ասպիրանտ Աստղիկ Հովհաննիսյանը:

Դպրոցի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՊԿԱ ՏՀԿ ղեկավար Տիգրան Հարությունյանը` նշելով արդեն երկրորդ տարին կազմակերպվող դպրոցի դասախոսությունների թեմաների արդիականության և ուսումնասիրման կարևորության մասին:  Մեկշաբաթյա դպրոցի շրջանակներում զեկուցումներով հանդես են եկել ճանաչված փորձագետներ ՀՀ-ից և Արցախից: Մասնավորապես, բանախոսել են ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, ռազմական վերլուծաբան-փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հրաչյա Արզումանյանը, «Ազգային շահ» վերլուծական կենտրոնի ղեկավար, The Armenian Interest-ի հիմնադիր, քաղաքագետ Արեգ Գալստյանը և այլ ճանաչված փորձագետներ:

Քննարկվել են Հայաստանի ներկայիս իրողությանը վերաբերող կարևոր թեմաներ, ինչպիսիք են`

  • ՀՀ ԶՈՒ բարեփոխումները «Ազգ-բանակ» հայեցակարգի համատեքստում,
  • Հայաստանի կրիտիկական ենթակառուցվածքները տեղեկատվական անվտանգության տեսանկյունից,
  • Գիտական Սփյուռք-պետություն համագործակցության ուղիները. միջազգային փորձն ու Հայաստանի հնարավորությունները,
  • Պատերազմների վարման նոր ձևերը և այլն:

«Լսարանը բաղկացած էր տարբեր ոլորտների մասնագետներից, և մեզնից յուրաքանչյուրը խնդրին անդրադառնում էր մասնագիտական տեսանկյունից, ու ծավալվում էր ակտիվ քննարկում: Փնտրում էինք քննարկվող խնդրի խելամիտ լուծման տարբերակներ` հաշվի առնելով տարածաշրջանային իրադարձությունները` իհարկե, գերակա ունենալով ազգային շահը: Դասախոսությունները միշտ տևում էին հատկացված ժամանակից շատ, և նույնիսկ ընդմիջումներն օգտագործում էինք քննարկումների ու բանախոսների հետ հարց ու պատասխանի համար»,-մեզ հետ զրույցում նշեց Աստղիկ Հովհաննիսյանը:

Աշնանային դպրոցի ավարտին ակտիվ մասնակիցներին հանձնվել են վկայականներ, իսկ ներկայացված զեկուցումները կտպագրվեն «Տարածաշրջանային մարտահրավերները» զեկույցների ժողովածուում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին