Աննախադեպ իրադարձություն բուհի մարզական կյանքում. մեր մարզիկները դարձել են օլիմպիական օրվա վազքարշավի հաղթողներ

Դիտումների քանակ՝ 837

Հունիսի 22-ին հանրապետության հրապարակում կազմակերպված վազքարշավով տրվել է օլիմպիական օրվա մեկնարկը: Մասնակցել են մարզադպրոցների սաներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների , քոլեջների ուսանողներ, վետերան վազորդներ: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոն Հակոբյանը: Վերջինս ուրախությամբ տեղեկացրեց, որ ուսանողների մեջ 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրել են մեր համալսարանի ուսանողներ Կարեն Անդրեասյանը և Նարեկ Մակարյանը: Մեր մարզիկներին շնորհվել են Միջազգային օլիմպիական կոմիտեի հավաստագրեր և դրամական մրցանակներ:
«Սա աննախադեպ իրադարձություն է մեր համալսարանի մարզական կյանքում: Մեր տղաները ցուցաբերեցին մարզական կամք և հաղթանակի հասնելու աննկուն ձգտում: Նրանք կարողացան հաղթահարել բավական երկար վազքուղին և բարձր պահեցին մեր բուհի պատիվը»,-մեզ զրույցում ասաց Սիմոն Հակոբյանը և հավելեց, որ վազքուղին անցնում էր Հանրապետության հրապարակ -Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - ստորգետնյա անցում - «Հաղթանակի»-ի կամուրջ երթուղով ու եզրագիծը հատում «Հրազդան» մարզադաշտի հարավային հրապարակում: Ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարը, գովեստի խոսքեր հնչեցնելով մեր հաղթող մարզիկների մասին, ասաց նաև, որ վերջիններս համալսարանի ֆուտբոլի հավաքականի անդամներ են և գործուն մասնակցություն են ունենում բուհի մարզական կյանքում: 
Սիմոն Հակոբյանի տեղեկացմամբ`ամեն տարի հունիսի 23-ին, Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանանու ներքո, աշխարհի բոլոր երկրներում մարզական միջոցառումներ են կազմակերպվում` ի նշանավորումն 1894 թվականի հունիսի 23-ին Սորբոնի համալսարանում տեղի ունեցած սպորտի միջազգային կոնգրեսի միջազգային օլիմպիական խաղերը վերականգնելու մասին որոշման: Այս իրադարձությունն աշխարհի բոլոր երկրներում նշվում է մարզական միջոցառումների կազմակերպմամբ: Ազգային օլիմպիական կոմիտեներին այդ օրը նշանավորելու հնարավորություն է ընձեռվել մեկ շաբաթվա տարբերությամբ: 

Հ. Գ. Լուսանկարում մեր հաղթող մարզիկներն են` ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի շրջանակում անցկացված կրոսավազքի մրցումների ժամանակ: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին