Նոր հնարավորություններ՝ լավ սովորող, բայց սոցիալապես անապահով ուսանողներին. ՀՊՏՀ գիտխորհրդում հաստատվեց նոր կանոնակարգ

Դիտումների քանակ՝ 935

Լավ սովորող, բայց սոցիալապես անապահով այն ուսանողներին, որոնք այս տարի կընդունվեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, բուհի կողմից կընձեռվեն լայն հնարավորություններ: Այս մասին հայտնեց ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը՝ ՀՊՏՀ գիտական խորհրդի այսօր կայացած նիստում՝ գիտխորհրդի անդամներին ներկայացնելով ՀՊՏՀ-ում ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման նոր կանոնակարգը: Հիշեցնելով, որ այս ուսումնական տարում մեր բուհի ուսման վարձերը որոշ չափով բարձրացել են, բուհի ղեկավարը պարզաբանեց, որ նոր կանոնակարգով նպատակ կա սպասվող այդ գումարների զգալի մասն ուղղել ուսանողների սոցիալական խնդիրների լուծմանը՝ նրանց համար սահմանելով նպաստների, կրթաթոշակների, զեղչերի, փոխհատուցումների ճկուն համակարգ: Ռեկտոր Կորյուն Աթոյանն ընդգծեց, որ խոսքը լավ սովորող, բայց սոցիալապես անապահով ուսանողների մասին է, որոնց միջին որակական գնահատականը պետք է համապատասխանի սահմանված շեմին: Միաժամանակ բուհի ղեկավարը շեշտեց, որ նախկինում գործող զեղչի համակարգը շարունակելու է գործել և տարածվել բոլոր կուրսերի ուսանողների վրա:
Ռեկտորի ներկայացրած կանոնակարգն արժանացավ գիտխորհրդի անդամների հավանությանը, քվեարկությամբ հաստատվեց, իսկ ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը բարձր գնահատեց համալսարանի ղեկավարի առաջարկը՝ ուսանողների խնդիրների լուծման համատեքստում՝ միաժամանակ ավելացնելով, որ հրաշալի մոտեցում է առաջադիմության հստակ շեմի սահմանումը:
Գիտական խորհրդի այսօրվա օրակարգում մոտ մեկ տասնյակ հարցեր էին: Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը հանդես եկավ «Համալսարանի միջազգային գործունեության վիճակը և զարգացման հիմնախնդիրները» զեկույցով՝ մասնավորապես ընդգծելով. «Միջազգային գործունեությունը համալսարանի գործունեության կարևոր կողմն է և ընդհանուր գնահատման մեջ ունի սոցիալացման գործունեության կշռի հետ համադրելի կշիռ: Համալսարանի միջազգային գործունեությունը միտված է միջազգային կրթական և գիտական տարածության ինտեգրվելուն, կրթական և գիտական ծառայությունների շուկայում մրցունակության բարձրացմանը, համալսարանի դիրքերի ուժեղացմանը և միջազգային մակարդակի գիտակրթական կենտրոնի կարգավիճակի բարձրացմանը»: Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը ներկայացրեց բուհի միջազգային գործունեության վիճակը, առկա հիմնախնդիրները, անելիքները: Համալսարանի միջազգային գործունեությունը բնութագրող ցուցանիշների շարքում նա անդրադարձավ նաև ՀՊՏՀ պաշտոնական կայքի գործունեությանը՝ ընդգծելով, որ այն հայաստանյան բուհերի առաջին եռյակում է: Հետազոտական ուղղությամբ համալսարանի միջազգայնացման մասին խոսելիս Գագիկ Վարդանյան հույս հայտնեց, որ այս առումով լավ խթան կդառնա ՀՊՏՀ նորաստեղծ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը:
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սամսոն Դավոյանը ներկայացրեց 2012-2013 ուսումնական տարում ուսումնական և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը Գյումրու մասնաճյուղում: Հաշվետվությունը գիտխորհուրդը գնահատեց բավարար: Ներկայացվեցին նաև ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին մի շարք հարցեր, հրատարակության երաշխավորվեցին երկու ժողովածու, մեկ ուսումնական ձեռնարկ: Գիտական խորհրդի անդամները քվեարկությամբ՝ 56 կողմ, 0 դեմ, 0 անվավեր ձայների արդյունքում, որոշեցին բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Գագիկ Աղաջանյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու հարցով դիմել ԲՈՀ-ին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին