ՀՊՏՀ-ում այսօր շարունակվեցին ՈՒՀԱ թիմերի միջֆակուլտետային մրցելույթները

Դիտումների քանակ՝ 695

ՀՊՏՀ-ում այսօր շարունակվեցին «Ուսանողական գարուն 2013» փառատոնի շրջանակում անցկացվող` ՀՊՏՀ ՈՒՀԱ թիմերի միջֆակուլտետային մրցելույթները: Ծափերից թնդացող լեփ-լեցուն դահլիճը մեծ ոգևորությամբ ու բարձր տրամադրությամբ ողջունեց բոլոր մասնակիցներին: Առաջինը բեմահարթակը տրամադրվեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի թիմին, որին հաջորդեցին տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետների ելույթները: Թիմերը ներկայացրեցին մեր կյանքի տարբեր ոլորտներին առնչվող երգիծական մանրապատումներ, ծիծաղաշարժ իրավիճակներ և կատակներ: Ցուցադրվեցին նաև փոքրիկ տեսաֆիլմեր, որոնք զավեշտալի պատմություններ էին ուսանողների կյանքից:
ՈՒՀԱ ֆակուլտետային թիմերի ելույթների արդյունքները կամփոփվեն մայիսի 31-ին, համերգային միջոցառման ժամանակ:

Հիշեցնենք, որ «Ուսանողական գարուն 2013» փառատոնի շրջանակներում անցկացվող ՈւՀԱ ֆակուլտետային թիմերի ելույթները մեկնարկել էին մայիսի 29-ին: Այդ օրը հանդես էին եկել ՀՊՏՀ ֆինանսական, կառավարման, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին