Փորձում ենք սպորտի զարգացման համար բուհում պայմաններ ստեղծել. Կորյուն Աթոյանը պարգևատրեց հաղթանակած վոլեյբոլիստներին

Դիտումների քանակ՝ 1007

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն այսօր իր աշխատասենյակում հյուրընկալեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վոլեյբոլի աղջիկների հավաքականին՝ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշպանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՊՏՀ վոլեյբոլի աղջիկների հավաքականի մարզիչ Սիմոն Հակոբյանի գլխավորությամբ: Հանդիպման առիթը, ինչի մասին մենք ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ մարզական խաղերի շրջանակում անցկացվող վոլեյբոլի աղջիկների առաջնությունում մեր բուհի հավաքականի արձանագրած հաղթանակն էր:

«Իմ և բուհի անձնակազմի անունից շնորհավորում եմ ձեզ և շնորհակալություն հայտնում: Շնորհավորում եմ այս հաղթանակի համար, շնորհակալություն հայտնում նման փայլուն խաղի համար»,- ուսանողուհիներին ասաց Կորյուն Աթոյանը՝ ավելացնելով, որ բուհը ոչ միայն կրթություն ստանալու վայր է, այլև տարբեր բնագավառներում դրսևորվելու հրաշալի առիթ: Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով թիմին և մարզչին՝ ռեկտորն ընդգծեց, որ այսօր փորձ է արվում մեր համալսարանում սպորտի զարգացման համար բարվոք պայմաններ ստեղծել: Կորյուն Աթոյանը ուսանողներին կոչ արեց համալսարանն ավարտելուց հետո էլ կապը չխզել հարազատ բուհի հետ՝ հատկապես տեխնոլոգիաների զարգացման ներկա դարաշրջանում առկա հնարավորությունները հաշվի առնելով: Հաղթանակի կապակցությամբ ռեկտորը հավաքականի անդամներին արժանացրեց դրամական պագևների:

Ուսանողուհիներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին բուհի ղեկավարին՝ սպորտին և ֆիզդաստիարակությանը հատկացրած ուշադրության, ինչպես նաև իրենց հաղթանակը գնահատելու համար: Թիմի անդամներից ամենահին մարզուհիներից Անի Գրիգորյանը նշեց, որ այս հաղթանակին իրենք տարիներ են սպասել, ապա շնորհակալություն հայտնեց նաև մարզիչ Սիմոն Հակոբյանին՝ նշելով, որ մարզչի հավատն է ոգևորել իրենց և օգնել հաղթել: Վոլեյբոլիստուհիներից մեկը ռեկտորին նվիրեց իրենց նվաճած մեդալներից մեկը:

Ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշպանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոն Հակոբյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ռեկտոր Կորյուն Աթոյանին՝ ոչ միայն բուհում սպորտի զարգացմանը պատշաճ ուշադրություն դարձնելու, այլև բոլոր խնդիրներին արագ արձագանքելու համար:
Վերջում ուսանողուհիները, թիմի մարզիչը լուսանկարվեցին համալսարանի ռեկտորի հետ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին