Փենսիլվանիա նահանգի սենատոր Մայք Բրուբեյքերը հյուրընկալվեց ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1133

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանն այսօր համալսարանում հյուրընկալեցին Փենսիլվանիա նահանգի սենատոր Մայք Բրուբեյքերին, ում ուղեկցում էր «Կառավարման ոճ. անձնական և պրոֆեսոնալ հարաբերություններ» ծրագրի ղեկավար Արսեն Նիկողոսյանը: Սենատորի հետ հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Գևորգյանը, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը:
Շնորհակալություն հայտնելով Մայք Բրուբեյքերին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան այցելության համար՝ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ներկայացրեց բուհի անցած ճանապարհը, ներկան, ինչպես նաև ապագա հեռանկարները՝ ընդգծելով, որ տնտեսագետ պատրաստող մայր բուհը տվել է բազմաթիվ շրջանավարտներ, որոնք այսօր ներկայացված են երկրի տարբեր ոլորտներում: «Այսօր մեր բուհը փորձում է զարգացում ապրել բոլոր ուղղություններով»,- ասաց բուհի ղեկավարը՝ մանրամասնելով համալսարանում իրականացվող կրթական ծրագրերի արդիականացմանը, գիտահետազոտական գործունեության զարգացմանը, բուհի միջազգայնացմանը, շենքային պայմանների բարելավմանը և մի շարք այլ ուղղությունների բարեփոխումներին ուղղված քայլերը: Միաժամանակ ռեկտորը հետաքրքրվեց ամերիկյան բուհերի հետ համագործակցության՝ մասնավորապես դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրեր, համատեղ ուսումնասիրություններ, հետազոտություններ իրականացնելու հնարավորություններով:
ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանն առավել ընդարձակ ներկայացրեց գիտահետազոտական կենտրոն դառնալու ուղղությամբ բուհի կողմից իրականացվող քայլերը՝ շեշտադրելով համալսարանում հետազոտական կենտրոնի ստեղծման նորարարական քայլը, ինչպես նաև մատնանշելով այն ոլորտները, որոնք պետք է դառնան հետազոտության առարկա: «Մենք ունենք շատ լավ գիտական հիմք, որը պետք է զարգացնել»,- ասաց Գագիկ Վարդանյանը՝ ավելացնելով, որ հետաքրքրական կլիներ հետազոտություններ անցկացնել ամերիկյան համալսարանների հետ համատեղ:
Սենատոր Բրուբեյքերը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հյուրընկալվելը: Նա ներկայացրեց իրենց նահանգի կրթական համակարգը՝ անդրադառնալով համալսարանների գործունեությանն ու ընդգծելով, որ իրենց նահանգի բյուջեի 90 տոկոս ծախսերում առաջին տեղում կրթության ոլորտն է: Ի պատասխան ամերիկյան համալսարանների հետ համագործակցելու ՀՊՏՀ ռեկտորի հարցին սենատորը վստահություն հայտնեց, որ իրենց համալսարաններից շատերը ցանկություն կունենան համագործակցել տնտեսագիտական համալսարանի հետ, ուստի ինքը վերադարձից հետո կփորձի պարզել, թե իրենց նահանգի որ համալսարաններն են հետաքրքրված հայաստանյան այս բուհի հետ գործակցությամբ:
«Մեր ազգը շատ արժանիքներ ունի և դրանցից մեկը ընկերասիրությունն է: Ես վստահ եմ, որ մեր հետագա հանդիպումները վերածվելու են բարեկամության»,- ԱՄՆ սենատորի հետ հանդիպմանը նշեց Կորյուն Աթոյանը: Սենատորն իր հերթին ընդգծեց, որ ինքն արդեն հասցրել է հիանալ հայկական ջերմ հյուրընկալությամբ, ինչի մասին կխոսի վերադարձից հետո նախատեսվող դասախոսության ժամանակ:
Հանդիպման ավարտին ՀՊՏՀ ղեկավարությունը շրջայց կազմակերպեց բուհում՝ ծանոթացնելով հյուրին բուհի նորակառույց բակի և այս պահին իրականացվող այլ նախագծերի հետ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին