ՀՊՏՀ մարզադահլիճում այսօր կմեկնարկի վոլեյբոլի աղջիկների առաջնությունը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում ապրիլի 15-ին մեկնարկել էր ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի շրջանակում անցկացվող վոլեյբոլի տղաների առաջնությունը: Եզրափակիչ խաղերը տեղի են ունեցել ապրիլի 20-ին: Ցավոք, ՀՊՏՀ վոլեյբոլի տղաների հավաքականին բախտը չի ժպտացել, և մեր տղաները դուրս են մնացել մրցանակային տեղերի համար պայքարից: Մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հավաքականը, 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Հայ-ռուսական (սլավոնական), 3-րդը` Երևանի պետական համալսարանների հավաքականները:
Այսօր, ժամը 14.30-ին մեր համալսարանի մարզադահլիճում Հյուսիսային և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հավաքականների խաղով կմեկնարկի ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ մարզական խաղերի շրջանակում անցկացվող վոլեյբոլի աղջիկների առաջնությունը: Ժամը 15. 15-ին մրցասպարեզ դուրս կգան Հայաստանի պետական տնտեսագիտական և Երևանի պետական բժշկական համալսարանների թիմերը: Այնուհետև կհաջորդեն Հայաստանի պետական ճարտարագիտական և Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանների (ժամը 16.00) և Երևանի պետական և Հայաստանում ֆրանսական համալսարանների հավաքականների խաղերը (ժամը 16.45):
Վոլեյբոլի աղջիկների մրցաշարին մասնակցող 9 թիմերը հանդես կգան երկու ենթախմբով: ՀՊՏՀ հավաքականը ընդգրկվել է 2-րդ ենթախմբում և կմրցի Հյուսիսային, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական և Երևանի պետական համալսարանների թիմերի հետ: Հաղթողի կոչման համար կպայքարեն իրենց ենթախմբերում առաջին տեղը զբաղեցրած հավաքականները:
Հաջողություն և հաղթանակ ենք մաղթում մեր մարզուհիներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին