Իրազեկում ապագա զինծառայողներին. ՀՊՏՀ-ում էր ՀՀ ՊՆ ներկայացուցիչը
Մեր համալսարանի ղեկավարության հրավերով այսօր ՀՊՏՀ-ում էր ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության ներկայացուցիչ, փոխգնդապետ Սերոբ Սուջյանը, ով ուսանողներին իրազեկեց ՊՆ նոր ծրագրի մասին: Տեղեկատվությունը մասնավորապես հասցեագրված էր ավարտական կուրսերի ուսանողներին, ովքեր առաջիկայում զինվորագրվելու են հայրենիքի պաշտպանության գործին:
Հանդիպմանը ներկա էին ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանը, ֆակուլտետների դեկանները:
Սերոբ Սուջյանը մանրամասն ներկայացրեց ՊՆ ծրագրերից մեկը, որով բուհերի շրջանավարտներին առաջարկվում է բանակ զորակոչվելուց առաջ 1 տարի ուսումնառել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կամ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում և 2 տարի զինված ուժերում ծառայել որպես սպա:
Ինչպես նշեց բանախոսը՝ ռուհերում սովորելու ընթացքում ՊՆ-ն հոգալու է ապագա սպաների կեցության ծախսերը, իսկ 2 տարվա զինծառայության ընթացքում նրանք ստանալու են ֆիքսված աշխատավարձ, օգտվելու են մի շարք առավելություններից:
Հիմնական մասնագիտություններն են՝ հրետանավոր, հակաօդային պաշտպանության մասնագետ, տանկիստ և հրաձգային դասակի հրամանատար: Ծրագրին մասնակցելու համար ուսանողները պետք է դիմեն մինչև ուսումնական տարվա ավարտը:
Հանդիպման ավարտին պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց հյուրին և բոլոր զինծառայողներին բարի ծառայություն մաղթեց:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին