Ավարտվել է բասկետբոլի աղջիկների առաջնությունը. նախորդ տարվա համեմատ՝ մեր հավաքականն առաջընթաց է արձանագրել
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում մարտի 22-ին ավարտվել է մարտի 19-ին մեկնարկած ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի շրջանակում անցկացվող բասկետբոլի աղջիկների առաջնությունը, որին մասնակցել է տարբեր բուհերի 8 հավաքական: Մեր համալսարանի մարզուհիները 3-4-րդ տեղերի համար մրցապայքարի են դուրս եկել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի բասկետբոլիստուհիների հետ: Ցավոք, խաղի ընթացքում մեր թիմի առաջատար մարզուհի, տնտեսության կարգավորման և ՄՏՀ ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Անի Ղազարյանը լուրջ վնասվածք է ստացել և խաղից դուրս եկել: Ի վերջո, մեր թիմը պարտվել է հակառակորդին և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոն Հակոբյանը:
Վերջինիս խոսքով` մեր աղջիկները թեև պարտվել են, այնուհանդերձ դրսևորել են անկոտրում կամք, համառություն և հաղթանակի հասնելու ձգտում: Ամբիոնի վարիչը նշելով, որ մեր բասկետբոլիստուհիների համար 4-րդ հորիզոնականը ևս պատվավոր է, հիշեցրեց, որ ուսանողների 13-րդ հանրապետական մարզական խաղերում մեր աղջիկները զբաղեցրել էին վերջին` 8-րդ տեղը: Սիմոն Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ բասկետբոլի աղջիկների մրցաշարում հաղթել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը, 2-րդ հորիզոնականը զբաղեցրել են Երևանի պետական, 3-րդը` Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին