ՀՊՏՀ –ում շարունակվում են տոնական միջոցառումները
Վաղ առավոտից մեր բուհում սկսված տոնական տրամադրությունը շարունակվեց ամբողջ օրվա ընթացքում: Կանանց միջազգային տոնի առիթով այսօր տարբեր նախաձեռնություններով հանդես եկան համալսարանի ֆակուլտետային ուսանողական խորհուրդները:
Համալսարանի աշխատակցուհիներին և ուսանողուհիներին վարդեր նվիրելու հաճելի արարողությունից հետո իր անակնկալը մատուցեց կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհուրդը` կազմակերպելով Մարտի 8-ին նվիրված յուրօրինակ ֆլեշ մոբ:
Դասամիջոցին, գեղեցիկ երաժշտության ներքո, տղաները աղջիկներին բաժանեցին կարմիր թղթեր: Վերջիններս համալսարանի բակում ձևավորեցին տոնը խորհրդանշող 8 թիվը, հնչեց ուրախ երգն ու պարը: Ահա հենց այսպես բարձր տրամադրությամբ ու ոգևորությամբ կառավարման ուսանողական խորհուրդը շնորհավորեց համալսարանի աշխատակցուհիների և ուսանողուհիների Մարտի 8-ը:
«Գարունը սեր է ու զարթոնք, երազանք ու հոգու տոն: Սիրելի΄ կանայք, մեր մայրեր ու քույրեր, բացե΄ ք ձեր հոգու դռները, թո΄ղ գարունները գան ու չգնան, թո΄ղ առաջին ձնծաղիկը պարգևի ձեզ քնքշանք, գարնանային արևը` ջերմություն, սեր ու երջանկություն»,-շնորհավորանքի ու բարեմաղթանքի այսպիսի գեղեցիկ խոսքերով սկսվեց տնտեսության կարգավորման և ՄՏՀ ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ համալսարանի մեծ հանդիսասրահում կազմակերպված տոնական միջոցառումը: Բեմահարթակ բարձրացան ֆակուլտետի շնորհալի ուսանողները և իրենց գեղեցիկ կատարումները, երգն ու պարը նվիրեցին գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:
Հ.Գ. Ֆլեշմոբի լուսանկարները` կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Արման Հարությունյանի:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին