ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակիցները մասնակցել են միջազգային գիտաժողովի

Դիտումների քանակ՝ 2341

Հոկտեմբերի 10-11-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում տեղի է ունեցել «Կառավարման ժամանակակից հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողով,  որին մեր համալսարանից մասնակցել են փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Հանրային քաղաքականության և անվտանգության հետազոտություններ» ծրագրի ավագ հետազոտող, փ.գ.թ. Սոֆյա Օհանյանը և «Ամբերդի» «Տնտեսագիտական հետազոտություններ» ծրագրի հետազոտող, Պետական կառավարման ակադեմիայի դասախոս, տ.գ.թ. Գայանե Թովմասյանը:

Գիտաժողովում քննարկվել են կառավարման ժամանակակից հիմնախնդիրները, դրանց լուծումները, բացահայտվել առկա մարտահրավերները: Հյուրընկալվել են գիտնականներ Ռուսաստանից, Վրաստանից, Բելառուսից: Նիստերն ընթացել են «Կառավարման հոգեբանության արդի հիմնախնդիրներ», «Հարավային Կովկաս. տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հիմնախնդիրներ», «Գիտության կառավարում» բաժանմունքներում:

Սոֆյա Օհանյանը ներկայացրել է «Գործարարի անձնային-հոգեբանական առանձնահատկությունները» հոդվածը:

«Գործարարությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական երևույթ է, այլև անձնային տեսակ, որը հանդիսանալով ինքնատիպ «փիլիսոփայության» կրող` օժտված է հոգեբանական որոշակի հատկանիշներով: Այդ հատկանիշների ուսումնասիրությունը հատուկ հետաքրքրություն է ներկայացնում ժամանակակից սոցիալ-հոգեբանական և տնտեսական գիտության համար, քանի որ դրանց հետ է կապված գործարարության հատուկ էթիկան` պատկերացումների ու նորմերի համակարգը, որը տնտեսական գործունեությանը պարտադրում է որոշ սահմանափակումներ, որոնք անմիջականորեն չեն առնչվում տնտեսական նպատակահարմարությանը, արդյունավետությանը կամ շահույթին»,-իր զեկուցման վերաբերյալ ասաց Սոֆյա Օհանյանը:

Գայանե  Թովմասյանը հանդես է եկել «Ղեկավարի դերը կառավարչական որոշումների ընդունման և իրականացման գործընթացում» թեմայով զեկուցմամբ:

«Կառավարչական որոշումների և կառավարման գործըն­թա­ցի արդյու­նավետությունը մեծապես կախված է ղեկավարի ունե­ցած դերից, անձ­նա­յին որակներից, մասնագիտական և հոգեբա­նա­կան հատ­կութ­յուն­ներից, խառնվածքի տեսակից: Հոդվա­ծում ներկայացվել են ղե­կա­վա­րի հիմնական դերերն ըստ Մինցբերգի, վերլուծ­վել են ղեկավարի անձնային որակները, հիմնական հատկանիշ­ները, խառնվածքի տեսակները և հոգեբանական ազդեցությունը որո­շում­ների ընդունման վրա, դիտարկվել է մենեջերի մոդելը և որոշում­ների արդյունա­վետութ­յան վրա ազդող հիմնական գործոնները»,- զեկուցումն ամփոփ ներկայացրեց Գայանե Թովմասյանը:

Գիտաժողովի նյութերի ժողովածուն արդեն լույս է տեսել և մեր հեղինակների հոդվածները տպագրվել են, ինչի առիթով շնորհավորում ենք և մաղթում բեղմնավոր գիտական գործունեություն:

Միջազգային գիտաժողովի մասին կարող եք կարդալ նաև ՊԿԱ պաշտոնական կայքում, հետևյալ հղումով՝ paara.am/mijazgayin-gitajoxovum-qnnarkvecin/ :

Լուսանկարները տրամադրել են հեղինակները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին