ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակիցները մասնակցել են միջազգային գիտաժողովի
Հոկտեմբերի 10-11-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում տեղի է ունեցել «Կառավարման ժամանակակից հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողով, որին մեր համալսարանից մասնակցել են փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Հանրային քաղաքականության և անվտանգության հետազոտություններ» ծրագրի ավագ հետազոտող, փ.գ.թ. Սոֆյա Օհանյանը և «Ամբերդի» «Տնտեսագիտական հետազոտություններ» ծրագրի հետազոտող, Պետական կառավարման ակադեմիայի դասախոս, տ.գ.թ. Գայանե Թովմասյանը:
Գիտաժողովում քննարկվել են կառավարման ժամանակակից հիմնախնդիրները, դրանց լուծումները, բացահայտվել առկա մարտահրավերները: Հյուրընկալվել են գիտնականներ Ռուսաստանից, Վրաստանից, Բելառուսից: Նիստերն ընթացել են «Կառավարման հոգեբանության արդի հիմնախնդիրներ», «Հարավային Կովկաս. տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հիմնախնդիրներ», «Գիտության կառավարում» բաժանմունքներում:
Սոֆյա Օհանյանը ներկայացրել է «Գործարարի անձնային-հոգեբանական առանձնահատկությունները» հոդվածը:
«Գործարարությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական երևույթ է, այլև անձնային տեսակ, որը հանդիսանալով ինքնատիպ «փիլիսոփայության» կրող` օժտված է հոգեբանական որոշակի հատկանիշներով: Այդ հատկանիշների ուսումնասիրությունը հատուկ հետաքրքրություն է ներկայացնում ժամանակակից սոցիալ-հոգեբանական և տնտեսական գիտության համար, քանի որ դրանց հետ է կապված գործարարության հատուկ էթիկան` պատկերացումների ու նորմերի համակարգը, որը տնտեսական գործունեությանը պարտադրում է որոշ սահմանափակումներ, որոնք անմիջականորեն չեն առնչվում տնտեսական նպատակահարմարությանը, արդյունավետությանը կամ շահույթին»,-իր զեկուցման վերաբերյալ ասաց Սոֆյա Օհանյանը:
Գայանե Թովմասյանը հանդես է եկել «Ղեկավարի դերը կառավարչական որոշումների ընդունման և իրականացման գործընթացում» թեմայով զեկուցմամբ:
«Կառավարչական որոշումների և կառավարման գործընթացի արդյունավետությունը մեծապես կախված է ղեկավարի ունեցած դերից, անձնային որակներից, մասնագիտական և հոգեբանական հատկություններից, խառնվածքի տեսակից: Հոդվածում ներկայացվել են ղեկավարի հիմնական դերերն ըստ Մինցբերգի, վերլուծվել են ղեկավարի անձնային որակները, հիմնական հատկանիշները, խառնվածքի տեսակները և հոգեբանական ազդեցությունը որոշումների ընդունման վրա, դիտարկվել է մենեջերի մոդելը և որոշումների արդյունավետության վրա ազդող հիմնական գործոնները»,- զեկուցումն ամփոփ ներկայացրեց Գայանե Թովմասյանը:
Գիտաժողովի նյութերի ժողովածուն արդեն լույս է տեսել և մեր հեղինակների հոդվածները տպագրվել են, ինչի առիթով շնորհավորում ենք և մաղթում բեղմնավոր գիտական գործունեություն:
Միջազգային գիտաժողովի մասին կարող եք կարդալ նաև ՊԿԱ պաշտոնական կայքում, հետևյալ հղումով՝ paara.am/mijazgayin-gitajoxovum-qnnarkvecin/ :
Լուսանկարները տրամադրել են հեղինակները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին