Կայացավ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի գիտական սեմինարը

Դիտումների քանակ՝ 2963

Հերթական ամբիոնային սեմինարն այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում. գիտական զեկուցումներով հանդես եկան ինֆորմատիկայի  և տեղեկատվական համակարգերի ամբիոնի ասպիրանտ Լինա Սարգսյանը և դասախոս Հռիփսիմե Օսիպյանը: Սեմինարին ներկա էին նշված ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Սարգսյանը, ՀՊՏՀ նորաստեղծ գիտաուսումնական լաբորատորիաների ղեկավարները՝  տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մաթևոսյանը, տ.գ.դ., դոցենտ Սերգեյ Սուքիասյանը, տ.գ.թ., դոցենտ Ելենա Մանուկյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ:

Բացման խոսքով հանդես եկավ Վարդան Սարգսյանը՝ նշելով, որ համալսարանում գիտահետազոտական կյանքի աշխուժացման տեսանկյունից ամբիոնային սեմինարներն, անշուշտ, կունենան իրենց դերակատարումը: Գիտության զարգացման համատեքստում ամբիոնի ղեկավարն ուրախությամբ նշեց նաև իրենց ֆակուլտետում գիտաուսումնական լաբորատորիաների ստեղծման փաստը:

Զեկուցող Լինա Սարգսյանը խոսեց հետևյալ թեմաների շուրջ. «ՀՀ սոցիալական ոլորտում ՏՏ կիրառման հիմնախնդիրները» և «Կյանքի որակի գնահատման հիմնախնդիրները ՀՀ-ում»: Առաջին թեմայի շրջանակում ասպիրանտը, վերհանելով սոցիալական պաշտպանության ոլորտի ՏՏ հիմնախնդիրները, կանգ առավ դրանց լուծմանն ուղղված քայլերի վրա (համաձայնագրեր, փաստաթղթեր): Հիմնական խնդիրների շարքում նշվեց օրինակ տեղեկատվության ոչ ավտոմատ տեղափոխման հարցը:

Անցնելով հաջորդ թեմային՝ բանախոսը նախ ներկայացրեց իր ձևակերպումը «կյանքի որակ» հասկացության վերաբերյալ, այնուհետև ներկայացվեցին կյանքի որակի գնահատման օբյեկտիվ և սուբյեկտիվ մեթոդները, 11 առանձին ասպեկտների հիման վրա կյանքի որակի գնահատման հաջողակ փորձը, Եվրոստատի գնահատման մեթոդը, զարգացած երկրների մոտեցումները կյանքի որակի գնահատման շուրջ: Լինա Սարգսյանն իր գիտահետազոտական աշխատանքում ուսումնասիրում է խոցելի խմբերի կյանքի որակը, որի գնահատումը կներկայացնի առաջիկայում: Գիտական ղեկավարն է Վարդան Սարգսյանը:

Հռիփսիմե Օսիպյանի զեկուցումը՝ «ՏՀՏ ազդեցությունների և ենթակառուցվածքների ուսումնասիրությունը» թեմայով, անդրադարձ էր ՀՀ-ում տեղեկատվական ենթակառուցվածքների առկա վիճակին, թերություններին, զարգացման հեռանկարներին: ՏՏ ոլորտը մեր երկրում զարգացող ուղղություն է, այնուամենայնիվ շատ են բացթողումները: Չկա ստանդարտացում, չկա կանոնադրություն. սրանք տեղեկատվական ենթակառուցվածքների հիմնական խնդիրներից 2-ն են, որ ներկայացրեց զեկուցողը: Երիտասարդ դասախոսն առաջարկեց Ղազախստանի և Ռուսաստանի փորձը կիրառել՝ Հայաստանի համար կանոնադրություն մշակելու համար: Հնչեցին այլ առաջարկություններ ևս:

Ունկնդիրներն իրենց հարցադրումներն ու նկատառումները ներկայացրին բանախոսներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին