5 տարի առաջ հիմնադրվեց ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը

Դիտումների քանակ՝ 1362

Հինգ տարի առաջ` 2007 թվականի դեկտեմբերի 21-ին, ՀՀ Կառավարության որոշմամբ Վայոց ձորի մարզում հիմնադրվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը:

Անցած տարիների ընթացքում մասնաճյուղի ձեռքբերումների ցանկը հարստացավ, և այսօր էլ այն շարունակում է հաջողություններ գրանցել տնտեսագետ կադրեր պատրաստելու շատ կարևոր գործում:

Ինչպես տեղեկացրել էինք, դեկտեմբերի 2-ին Եղեգնաձորի մասնաճյուղում անցկացվեց «Տարածքային տնտեսության համաչափ զարգացման  հիմնախնդիրները» թեմայով հանրապետական տնտեսական գիտաժողով, որը նվիրված էր մասնաճյուղի հիմնադրման 5-ամյակին։ Գիտաժողովի հանդիսավոր մասն սկիզբ առավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում, որին ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Օրեր անց` դեկտեմբերի 21-ին, մասնաճյուղը տոնական մեկ անդրադարձ ևս կատարեց իր  հիմնադրման 5-ամյա հոբելյանին. մասնաճյուղի ղեկավարները կոլեկտիվի և ուսանողների համար կազմակերպեցին ուրախ տոնական միջոցառում: Այն առավել հետաքրքիր դարձավ տորթերի մրցույթով, որին գեղեցիկ ու խորհրդանշական զարդարված տորթերով մասնակցեցին մասնաճյուղի բոլոր կուրսերը: Եվ, ինչպես բոլոր տոնական մրցույթներում, հաղթեց միասնականությունն ու բարի կամքը:

Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին