Կորյուն Աթոյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման 5–ամյակի առիթով
Դեկտեմբերի 21–ին լրացել է ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման 5–ամյակը, որի կապակցությամբ ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը շնորհավորական ուղերձ է հղել։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Սիրելի դասախոսներ և ուսանողներ,
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ:
Մասնաճյուղի հիմնադրումը կարևոր քայլ էր ՀՀ կառավարության ծրագրի իրականացման և այդ համատեքստում տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից: Կրթության և գիտության ոլորտը այն գերակա ուղղություններից է, որով մեր հանրապետությունը պետք է զարգացնի իր տնտեսական ներուժը և նպաստի սոցիալական բարեկեցության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև իրականացնի բազմաթիվ մարտահրավերների հաղթահարմանն ուղղված գործընթացներ: Դրանք հատկապես վերաբերում են ՀՀ մարզերին և նրանց առջև ծառացած խնդիրներին:
Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման հնգամյա ժամանակահատվածում բուհն անցել է կայացման կարևոր փուլեր: Այդ առումով որպես ձեռքբերումներ կարելի է համարել այն, որ ստեղծվել են արդի կրթական տեխնոլոգիաներով հագեցած լսարաններ, թողարկվել են առաջին շրջանավարտները, ներդրվել է մագիստրոսական կրթական ծրագիր, հնարավորություն է ընձեռվել աշխատանքին զուգահեռ ստանալ հեռակա կրթություն, կազմակերպվել է հանրապետական տնտեսական գիտաժողով: Կատարված բոլոր աշխատանքները վկայում են այն մասին, որ հանրապետական, մարզային և տեղական իշխանությունները մտահոգ են մասնաճյուղի զարգացման խնդիրներով և աջակցում են մատչելի կրթություն ստանալուն:
Հարգելի գործընկերներ և ուսանողներ, ևս մեկ անգամ շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ցանկանում եմ, որ նորաստեղծ բուհի հետ կապը լինի ամուր, սրտացավ ու մշտական:
Հարգանքով՝
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյան