Հայաստանի ուսանողությունը՝ Եվրոպայի ամենամեծ ուսանողական ընտանիքի անդամ
Երեկ, դեկտեմբերի 2-ին, Մալթայում տեղի ունեցած Եվրոպայի ուսանողական միության համաժողովի քվեարկության արդյունքում ձայների ճնշող մեծամասնությամբ (ընդամենը 2 դեմ) Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան (ՀՈՒԱԱ) ընդգրկվել է Եվրոպայի ուսանողական միության կազմում`ստանալով լիիրավ անդամի կարգավիճակ: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարականության հետ կապերի բաժնին հայտնեց ՀՈՒԱԱ փոխնախագահ, ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը: Վերջինիս տեղեկացմամբ` համաժողովի աշխատանքներին մասնակցող հայաստանյան պատվիրակությունը ղեկավարել է ՀՈՒԱԱ միջազգային հարաբերությունների գծով նախագահ, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի ասիստենտ Սարգիս Ասատրյանցը: Եվրոպական ուսանողական միության աշխատանքներին ՀՊՏՀ-ից մասնացել են նաև կառավարման ֆակուլտետի ուսանող Արուս Հարությունյանը և տնտեսագիտության տեսության ամբիոնի ասիստենտ Աղավնի Օհանյանը:
Սևակ Խաչատրյանի դիտարկմամբ` Եվրոպայի ամենամեծ ուսանողական ընտանիքում Հայաստանի ուսանողության ներկայությունը շատ կարևոր ու մեծ ձեռքբերում է, որը լայն հնարավորություններ կընձեռի ուսանող երիտասարդությանը:
«Սա մի բացված դուռ է, որ ուսանողներին թույլ կտա մասնակցելու տարբեր կրթական, երկարաժամկետ և կարճաժամկետ ուսանողների փոխանակման ծրագրերի»,-մեզ հետ զրույցում նշեց Սևակ Խաչատրյանը` հատուկ շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին` Եվրոպական ուսանողական միությանն անդամագրվելու 2 տարի տևած գործընթացում անգնահատելի օգնության ու աջակցության համար:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին