«Ուսանողական աշուն 2012» մարզամշակութային փառատոնի հաղթող ճանաչվեց կառավարման ֆակուլտետը

Դիտումների քանակ՝ 1078

Մեր բուհում այսօր տեղի ունեցավ «Ուսանողական աշուն 2012» մարզամշակութային փառատոնի եզրափակումը՝ երգի, պարի, «Ժողն իմ աչքերով» խորագրով տեսաֆիլմերի միջֆակուլտետային մրցույթի ամփոփմամբ: Այսօր ևս ՀՊՏՀ մեծ դահլիճում հավաքված հանդիսատեսը ջերմ ծափերով  աջակցեց ու ոգևորեց մասնակիցներին: Բեմահարթակը տրամադրվեց ֆակուլտետների շնորհալի ուսանողներին, ովքեր փորձեցին իրենց կատարումներով  շահել հանդիսատեսի համակրանքը: Բուռն ոգևորությամբ ընդունվեցին ֆակուլտետների` սիրելի համալսարանին ձոնված տեսաֆիլմերը: Մասնակիցների ելույթները գնահատեց ՀՊՏՀ  ուսանողական խորհրդի նախագահությունը: Հայտարարվեցին վերոնշյալ մրցույթներում  առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած ֆակուլտետների անունները: Այսպիով` երգի մրցույթում 1-ին տեղը զբաղեցրեց կառավարման  ֆակուլտետը, 2-րդը` ինֆորմատիկայի և վիճակագրության, 3-րդը` ֆինանսական ֆակուլտետները:

Պարի մրցույթում հաղթեց  տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը, 2-րդ հորիզոնականում էր կառավարման, 3-րդում` հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետները: Համալսարանին ձոնված լավագույն տեսաֆիլմ ճանաչվեց կառավարման ֆակուլտետի ներկայացրած ֆիլմը, 2-րդ տեղում էր տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, 3-րդում`հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետները:  

Ֆակուլտետների մրցելույթներից հետո բեմահարթակը տրամադրեց ՀՊՏՀ  ուսանողական խորհրդի փոխնախագահ Սերգեյ Խառատյանին: Վերջինս հայտարարեց «Ուսանողական աշուն 2012» մարզամշակութային փառատոնի շրջանակներում անցկացվող միջոցառումների ընթացքում բոլոր մրցելույթների հանրագումարում առավելագույն միավորներ վաստակած ֆակուլտետի անունը և նրանց հանձնեց հաղթողի գավաթը և պատվոգրեր:  Այսպիսով` 17 միավորով հաղթող ճանաչվեց կառավարման ֆակուլտետը, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների (15 միավոր), 3-րդը` ֆինանսական ֆակուլտետները (15 միավոր):  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին