«Ուսանողական աշուն 2012» փառատոնի շրջանակում ՀՊՏՀ –ում այսօր ելույթները սկսեցին ՈՒՀԱ ֆակուլտետային թիմերը

Դիտումների քանակ՝ 1248

ՀՊՏՀ դահլիճում  այսօր բարձր տրամադրություն ու տոնական մթնոլորտ էր: ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «Ուսանողական աշուն 2012» մարզամշակութային փառատոնի միջոցառումների շրջանակում սկսվեց ՈՒՀԱ-ների (ուրախների և հնարամիտների ակումբի) միջֆակուլտետային առաջնությունը: Դահլիճը բուռն ծափերով դիմավորեց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանին, ով  ողջունեց հանդիսատեսին, փառատոնի բոլոր մասնակիցներին, հատկապես առաջին կուրսեցիներին:

«Մեր փառատոնը մեծ ոգևորություն է առաջացրել ուսանողության շրջանում: Բազմաթիվ ուսանողներ, հատկապես առաջին կուրսեցիներ, ներգրավվել են թե' մարզական, թե' մշակութային, թե' ինտելեկտուալ միջոցառումներում` ապացուցելով, որ ձգտում են իրենց առօրյան դարձնել բազմաբովանդակ»,-ասաց Սևակ Խաչատրյանը` իր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնելով ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամին` մշտապես  ուսանողներին կողքին լինելու, նրանց մշտապես աջակցելու համար:

Մինչ բեմահարթակ դուրս կգային ֆակուլտետների  ՈՒՀԱ-ները, ուսխորհրդի նախագահը կատարեց մարզական միջոցառումների ընթացքում հաղթողների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողություն: Սևակ Խաչատրյանը նախ  հատուկ շնորհակալություն հայտնեց  ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի ամբողջ աշխատակազմին` մարզական միջոցառումների կազմակերպական աշխատանքներում ցուցաբերած աջակցության, տարբեր մարզաձևերի մրցաշարերը բարձր մակարդակով անցկացնելու  համար և  պատվոգիր ու նվերներ հանձնեց ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ Լևոն Սամվելյանին: Այնուհետև ուսխորհրդի նախագահը պատվոգրեր, մրցանակներ և մեդալներ հանձնեց նաև մարզական մրցումներում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած ֆակուլտետների թիմերին և լավագույնը ճանաչված մարզիկներին:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունից հետո  հանդիսավարները ազդարարեցին ուրախների և հնարամիտների ակումբների ելույթների մեկնարկը և ներկայացրեցին մրցատյանի կազմը` ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյան, փոխնախագահ Սերգեյ Խառատյան, կարիերայի և մարքեթինգի կենտրոնի պետ Կարեն Բաբաջանյան, ֆինանսական ֆակուլտետի փոխդեկան Վահե Միքայելյան, մարքեթինգի ամբիոնի դասախոս Նարեկ Ղուկասյան և կառավարման ֆակուլտետի փոխդեկան  Մերի Բադալյան: Հայտարարվեցին նաև այսօր ելույթ ունեցող  երեք ֆակուլտետների անունները: Առաջինը բեմահարթակ դուրս եկավ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի թիմը, որին հաջորդեցին կառավարման ու ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետների թիմերը:

Վաղը, նոյեմբերի 29-ին ելույթներով հանդես կգան ֆինանսական, տնտեսության կարգավորման ու  ՄՏՀ, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետները, և կամփոփվեն արդյունքները:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին