Մեր համալսարանում մեկնարկեց արտասահմանցի երիտասարդների ուսումնառության ծրագիրը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Քանաքեռ–Զեյթուն համայնքում գտնվող մասնաշենքում այսօր սկսվեցին արտասահմանցի ուսանողների (Հնդկաստան և Նեպալ) նախապատրաստական դասընթացները` ազդարարելով բուհի պատմության մեջ առաջին անգամ իրականացվող արտասահմանցի քաղաքացիների ուսուցման ծրագրի մեկնարկը: Այս առնչությամբ ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը արտասահմանցի ուսանողներին դիմեց ողջյունի խոսքով:
«Սովորեք սովորել, գիտելիքներ կուտակել, քանզի դա է բարեկեցիկ կյանքով ապրելու արժանապատիվ ճանապարհը: Սովորեք սովորել, որպեսզի լիարժեքորեն ներգրավվեք ձեր երկրների զարգացման գործում»,- շնորհավորելով ուսումնառության մեկնարկի կապակցությամբ՝ ասաց պրոռեկտորը և հաջողություններ մաղթեց արտասահմանցի ուսանողներին: Նա նշեց, որ իրենց այստեղ հնարավորություն կընձեռվի սովորել հայերեն, ծանոթանալ հայոց պատմությանը և մշակույթին:
Գագիկ Վարդանյանի շնորհավորական խոսքից հետո ուսանողներին բաժանվեցին անգլերենով հայոց լեզվի ուսուցման ձեռնարկներ և սկսվեց առաջին` հայոց լեզվի դասը, որը վարեց ՀՊՏՀ օտար լեզուների ամբիոնի դոցենտ Լուսինե Հարությունյանը:
«Արտասահմանցի ուսանողների ուսուցումը մեր բուհում իրականացնելու համար կատարվել են զգալի նախապատրաստական աշխատանքներ, կազմվել են ժամանակի ոգուն համահունչ ուսումնական պլաններ և ծրագրեր, կազմակերպվել են դասախոսների սեմինարներ, նախատեսվում են նաև վերապատրաստոմներ արտասահմանում»,- կարևորելով այսպիսի ծրագրի իրականացումը` ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Գագիկ Վարդանյանը: Նրա խոսքով` այս ծրագրի իրականացմամբ բուհն առաջին անգամ արտահանում է իր կրթական ծառայությունը, որը ենթադրում է մրցակցություն:
«Այս գործընթացը կնպաստի, որ մեր բուհն էլ ավելի բարելավի ուսումնամեթոդական աշխատանքները` դրանք դարձնելով ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան»,- ասաց պրոռեկտորը` նշելով, որ վերոնշյալ խնդիրը կարևորվում է նաև բոլոնյան գործընթացի և որակի ապահովման այսօրվա պահանջների համատեքստում: Գագիկ Վարդանյանի դիտարկմամբ` բացի վերոնշյալից, արտասահմանցի ուսանողներին դասավանդելու ընթացքում մեր երիտասարդ դասախոսներն էլ ավելի կբարելավեն օտար լեզուների իրենց իմացությունը, իսկ մեր ուսանողներն արտասահմանցիների հետ շփումների ընթացքում կծանոթանան այլ երկրների մշակույթին ու պատմությանը, սովորույթներին:
Արդյունավետ ուսումնառություն և հաջող ընթացք ենք մաղթում բոլորին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին