ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում այսօր նշվեց հիմնադրման 10-ամյակը
Այսօր տոնական տրամադրություն էր ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում. նշվում էր հիմնադրման 10-ամյակը: Հանդիսավոր միջոցառումների շարքում առաջինը մասնաճյուղի հարակից այգում «Հայկական զարդանախշերի պուրակի» բացումն էր, որտեղ տեղադրված են 12 զարդանախշեր: Ծաղկազարդ այդ պուրակը նախատեսված է ուսանողների և համայնքի բնակչության ժամանցի համար:
Միջոցառումների երկրորդ մասը նվիրված էր շնորհավորական խոսքերին և պարգևատրումների արարողությանը:
Այնուհետև Գագիկ Վարդանյանը ծավալուն ելույթ ունեցավ՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումների մեջ բուհի դերակատարմանը և միջազգայնացման հնարավորություններին: Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը՝ շեշտելով սոցիալական խնդիրների լուծման հնարավորությունները բուհի գործունեության միջոցով: Այնուհետև ելույթով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը, ով իր խոսքում ներկայացրեց մարզի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և մի շարք գործարարների շնորհավորական ուղերձներըը մասնաճյուղի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ:
Մասնաճյուղի 10-ամյա հոբելյանը նշանավորվեց նաև նրա կայացման գործում մեծ ավանդ ունեցած աշխատակիցներին, գործարարներին, ինչպես նաև պետական ու հասարակական գործիչներին պատվոգրերով և մասնաճյուղի Ոսկե մեդալով պարգևատրելու արարողությամբ:
Միջոցառումների շարքի օրակարգային հարցերից էր նաև «Նորարարական կրթական տեխնոլոգիաները և տարածքային զարգացումը ՀՀ-ում» թեմայով գիտաժողովը, որի շրջանակներում զեկուցումով հանդես եկան Եղեգնաձորի մասնաճյուղի դասավանդողներ տ.գ.թ. դոցենտ Սոս Խաչիկյանը և դասախոս Նարեկ Սարատիկյանը: Զեկույցները վերաբերում էին մարզի զարգացման առաջնահերթություններին սոցիալական կապիտալի, նորարարությունների և գիտակրթական նախաձեռնությունների միջոցով: Գիտական զեկուցումներից հետո ելույթ ունեցավ տ.գ.դ. պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը՝ ուշադրություն հրավիրելով գիտելիքահենք տնտեսության և մարզերի զարգացման փոխկապվածության խնդիրներին:
Այս մասին հայտնում են մասնաճյուղի մեր գործընկերները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին