Ստուգվում է «Էրազմուս+»-ի դիմորդների լեզվիմացությունը. անգլերենի հերթական քննությունն այսօր էր
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Էրազմուս+» միջազգային կրթական ծրագրի պատասխանատու արտաքին կապերի բաժինը ծրագրի դիմորդներին անգլերենի քննություն հանձնելու հնարավորություն է ընձեռում. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (օրինակ՝ TOEFL, IELTS) չունեցող ուսանողները կարող են դիմել պատասխանատու բաժնին և քննությունը հանձնել հենց համալսարանում: Ուշադրություն. այս քննության արդյունքն անցողիկ է միայն «Էրազմուս+»-ի համար:
Լեզվիմացության հերթական ստուգատեսն այսօր էր, գրանցվել էր 65 դիմորդ: Քննությանը մասնակցելու իրավունք ստացան միայն նախապես գրանցվածները:
Արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը նշեց, որ ի տարբերություն նախորդների, այս քննության մասնակիցների թիվն աննախադեպ է, ծրագրի նկատմամբ հետաքրքրությունն աճում է:
Դիմորդները քննություն են հանձնում այս ուստարվա 2-րդ կիսամյակում արտերկրի բուհերում ուսումնառելու համար:
Տեղեկացնենք, որ վաղը արտաքին կապերի բաժնի աշխատակիցները քննություն կանցկացնեն Եղեգնաձորում՝ մասնաճյուղի դիմորդների համար:
Մրցույթի մասնակիցներին մաղթում ենք հաջողություն:
«Էրազմուս+»-ին վերաբերող հայտարարություններին կարող եք հետևել ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» խորագրի ներքո:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին