Հերթական ամբիոնային սեմինարը ՀՀ մակրոտնտեսական իրավիճակի վերաբերյալ էր

Դիտումների քանակ՝ 2235

ՀՊՏՀ-ում գիտահետազոտական բաղադրիչի ամրապնդմանը և ամբիոնների գիտական գործունեության աշխուժացմանը միտված սեմինարների  շարքն այսօր շարունակեց մակրոէկոնոմիկայի ամբիոնը: Ներկայացվեց «ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը և հեռանկարները» թեման, որը  ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ հետազոտել են ՀՀ գիտության պետական կոմիտեի  «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման զարգացման ծրագրի» շրջանակում: Սեմինարին ներկա էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Կարեն Գրիգորյանը, հետազոտական ծրագրի ղեկավարը՝ տ.գ.թ., պրոֆեսոր  Իշխան Տիգրանյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Ներկաներին ողջունեց Գագիկ Վարդանյանը և ընդգծեց, որ ակնկալվում է  սեմինարների ընթացքում ձևավորել քննարկումների, բանավեճերի  հարթակ, որտեղ կստեղծվի գիտական արդյունք: Պրոռեկտորը շեշտեց նաև, որ գիտահետազոտական աշխատանքի արդյունքում պետք է ի հայտ գան փորձագետներ, որոնք կարող են համապատասխան թեմաներով տնտեսության բարելավմանն ուղղված առաջարկություններ ներկայացնել կառավարությանը:

Այնուհետև ելույթ ունեցավ թեմայի ղեկավար Իշխան Տիգրանյանը՝ նշելով, որ հետազոտական խումբը ԳՊԿ ծրագրի շրջանակում երկարատև աշխատանք է կատարել. արդեն 3 տարի է՝ ուսումնասիրում են թեման:

Այսօր հնչեց 6 զեկուցում. տ.գ.թ., դոցենտ Հայկազ Հովհաննիսյանը բանախոսեց «Տնտեսական աճի վրա ազդող գործոնների վերլուծությունը» թեմայով, «Ամբողջական պահանջարկը և ՀՀ տնտեսական աճը» թեման ներկայացրեց տ.գ.թ., դոցենտ Գայանե Ավագյանը, տ.գ.թ., դոցենտ Քնարիկ Վարդանյանը հանդես եկավ «Իրական փոխարժեքի և տնտեսական աճի փոխառնչությունները» զեկուցմամբ:  3-րդ բանախոսը կրկին Գայանե Ավագյանն էր, այս անգամ՝ «ՀՀ-ում իրական արդյունավետ փոխարժեքի վրա ազդող հիմնական գործոնների բացահայտումը էկոնոմետրիկ մոդելի օգնությամբ» թեմայով, իսկ սեմինարն ամփոփեցին տ.գ.դ., դոցենտ, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան  Թաթուլ Մկրտչյանը և տ.գ.թ., ասիստենտ Վարսիկ Տիգրանյանը՝ «ՀՀ-ում փոխարժեքի և տնտեսական մրցունակությունը բնութագրող ցուցանիշների փոխկապվածությունների մեկնաբանումը՝ սխալների ուղղման վեկտորային մոդելի օգնությամբ» և «Արտահանման զգալի ներուժ ունեցող զբոսաշրջության զարգացման հնարավորությունները ՀՀ-ում» թեմաներով:

Ընդհանուր առմամբ, զեկուցողները բնութագրեցին ու գնահատեցին մեր երկրի մակրոտնտեսական իրավիճակը, վերհանեցին հիմնախնդիրներն ու հանդես եկան  դրանց լուծմանն ուղղված առաջարկություններով: Ուրվագծվեցին նաև  հեռանկարները, զարգացման հնարավորությունները: Հանդիպումն ուղեկցվեց  աշխույժ քննարկմամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին