Ֆուտբոլի միջֆակուլտետային առաջնությունում հաղթեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի հավաքականը

Դիտումների քանակ՝ 852

ՀՊՏՀ մարզադահլիճում այսօր ավարտվեց «Ուսանողական աշուն-2012» մարզամշակութային փառատոնի շրջանակներում անցկացված ֆուտբոլի միջֆակուլտետային առաջնությունը: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ֆուտբոլի առաջնության գլխավոր մրցավար Էլեոնորա Գրիգորյանը տեղեկացրեց, որ առաջնության ընթացքում, 4 օր շարունակ մարզադահլիճում լարված ու թեժ մթնոլորտ էր: Ֆակուլտետային բոլոր թիմերը դրսևորեցին համառություն և հաղթանակի հասնելու ձգտում: 

Այնուհանդերձ, եզրափակիչ դուրս եկան բոլոր խաղերում պարտություններ չկրած ուժեղագույնները` մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ու տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետների թիմերը: Համառ պայքարում 5:3 հաշվով հաղթեց և մրցաշարի չեմպիոնի կոչումը նվաճեցին մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ֆուտբոլիստները: 2-րդ հորիզոնականը զբաղեցրին տնտեսության կարգավորման և ՄՏՀ, 3-րդը` հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետների թիմերը:
ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանի տեղեկացմամբ` ֆուտբոլի առաջնությամբ ավարտվեցին «Ուսանողական աշուն-2012» մարզամշակութային փառատոնի շրջանակներում անցկացվող մարզական միջոցառումները: Համաձայն գրանցած միավորների` մարզական առաջնություններից հետո ընդհանուր հաշվարկով 6 միավորով առայժմ 1-ին տեղում է մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը, ֆինանսական, հաշվապահական հաշվառման և աուդիտի ու տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետներն ընդհանուր հաշվով գրանցել են 5-ական միավորներ: 
Ուսանողական խորհրդի նախագահը տեղեկացրեց նաև, որ վաղը, ժամը 14.30-ին ՀՊՏՀ-ի դիմացի այգում կմեկնարկի գեղանկարչական աշխատանքների միջֆակուլտետային մրցույթը և կազդարարվի փառատոնի շրջանակներում անցկացվող մշակութային միջոցառումների սկիզբը: Գեղանկարչական աշխատանքները կգնահատի արհեստավարժ մրցատյանը:

Հիշեցնենք, որ «Ուսանողական աշուն-2012» մարզամշակությային փառաոտնի մարզական միջոցառումները մեկնարկել էին հոկտեմբերի 24-ին` վոլեյբոլի առաջնությամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին