Տնտեսության կարգավորման և ՄՏՀ սեղանի թենիսի հավաքականը նվաճեց միջֆակուլտային առաջնության հաղթողի կոչումը

Դիտումների քանակ՝ 1158

«Ուսանողական աշուն-2012» մարզամշակութային փառատոնի շրջանակներում այսօր տեղի ունեցավ սեղանի թենիսի միջֆակուլտետային առաջնությունը: ՀՊՏՀ  բոլոր ֆակուլտետների սեղանի թենիսի հավաքականներին մրցաշարի կանոններին ծանոթացնելուց հետո, գլխավոր մրցավար, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոս Էդուարդ Ամիրխանյանը ֆակուլտետային թիմերին հրահանգեց սկսել խաղը: Մրցաշարը հաջողությամբ մեկնարկեցին տնտեսության կարգավորման և ՄՏՀ (միջազգային տնտեսական հարաբերություններ) ֆակուլտետի սեղանի թենիսիստները` հենց սկզբից աչքի ընկնելով գեղեցիկ ու դիտարժան խաղով: Վերջիններս դրսևորեցին անկոտրում կամք, հաղթանակի հասնելու մեծ ձգտում: Պատահական չէ, որ վերոնշյալ ֆակուլտետի ուսանողները գրանցեցին միմիայն հաղթանակներ` պարտության մատնելով բոլոր մրցակիցներին: Հենց նրանք էլ` տնտեսության կարգավորման և ՄՏՀ ֆակուլտետի ուսանողներ Վարազդատ Բարսեղյանը, («Մակրոտնտեսագիտություն», 3-րդ կուրս), Տիգրան Շիրվանյանը («Տնտեսագիտության տեսություն», 1-ին կուրս), Շողեր Անտոնյանը («Միջազգային տնտեսական հարաբերություններ», 4-րդ կուրս) նվաճեցին առաջնության չեմպիոնի կոչումը: 2-րդ տեղը զբաղեցրին ֆինանսական, 3-րդը` կառավարման ֆակուլտետների ուսանողները: 

Նշենք նաև, որ մրցաշարին ներկա էին և իրենց ֆակուլտետների թիմերին աջակցում էին տնտեսության կարգավորման և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը, ինչպես նաև՝ ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը, ֆակուլտետային ուսանողական խորհրդի նախագահները:
ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մրցաշարի ավարտից հետո հանդիսատեսի ու մասնակիցների համար սեղանի թենիսի յուրօրինակ վարպետաց դաս անցկացրին Հայաստանի նախկին բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ Ալեքսանդր Դիարյանը և Հայաստանի գործող չեմպիոն, սպորտի վարպետ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի ուսումնական վարպետ Մեսրոպ Ղուկասյանը: Նրանց ցուցադրական խաղը մեծ բավականություն պատճառեց հանդիսատեսին:
«Տպավորված եմ ուսանող թենիսիստների փայլուն խաղով: Կարծում եմ, այս մարզիկները եթե չընտրեին տնտեսագիտությունը, նրանցից շատերը առաջատար թենիսիստներ կդառնային»,-սեղանի թենիսի մրցաշարի ավարտից հետո իր տպավորությունները ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց Ալեքսանդր Դիարյանը:


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին