ՀՊՏՀ-ՈՒՄԵՖ. մեկնարկում է կրկնակի աստիճանաշնորհման համատեղ կրթական ծրագիրը
Առկա մագիստրատուրայում ուսումը շարունակել ցանկացողներն այս տարի առաջին անգամ հնարավորություն ստացան ուսումնառելու Շվեյցարիայի ՈՒՄԵՖ (Ժնև) և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների գործարար կառավարման (MBA) մագիստրատուրայի կրկնակի աստիճանաշնորհման համատեղ կրթական ծրագրով:
Այս պահին արդեն հայտնի են առաջին ընդունելության արդյունքները: Սեպտեմբերի 4 և 23-ին ՈՒՄԵՖ համալսարանի պրոֆեսորներ Միքելե Ակերիբի և Ջավեդ Սանգդելի անցկացրած քննությունների (գրավոր և բանավոր) արդյունքներով ընդունելության շեմը հաղթահարել է 31 ուսանող, որից 10-ը, ցուցաբերելով գերազանց արդյունք, կօգտվի ուսման վարձի լրիվ փոխհատուցման հնարավորությունից, կուսանի անվճար, իսկ մյուս մասը կօգտվի 70% և 50% զեղչից՝ ուսման վարձի մասնակի փոխհատուցման բացառիկ հնարավորությունից: Նրանց թվում մեր համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Ամերիկյան ու Ֆրանսական համալսարանների բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներ են:
Մեզ հետ զրույցում ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը տեղեկացրեց, որ դասերը կմեկնարկեն հոկտեմբերի 7-ին, ծրագրի շրջանակներում դասավանդմանը ներգրավված են պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Կանադայից, Շվեյցարիայից և եվրոպական այլ առաջատար երկրներից, որոնք ունեն ոչ միայն տեսական հարուստ գիտելիք, այլև գործնական մեծ փորձառություն:
«Հոկտեմբերի 7-8, 14-15-ին ուսանողները կունկնդրեն դասախոսություններ (բոլորը՝ անգլերենով) «Մարքեթինգի կառավարում», հոկտեմբերի 20-22–ին` «Կորպորատիվ ֆինանսներ», հոկտեմբերի 27-29-ին` «Առաջնորդումը և խմբերի կառավարում» դասընթացներից: Դասընթացները կազմակերպվում են մոդուլային սկզբունքով, ուրբաթ երեկոյան, շաբաթ և կիրակի օրերին: Ծրագրի ավարտին շրջանավարտները կստանան երկու դիպլոմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից և Շվեյցարիայի ՈՒՄԵՖ համալսարանից: Ծրագիրը նպատակ ունի զարգացնելու ուսանողների գիտելիքը և հմտությունները ռազմավարական կառավարման, ֆինանսական մենեջմենթի, մարդկային ռեսուրսների կառավարման, նախագծերի կառավարման ոլորտներում»,- ասաց Խորեն Մխիթարյանը:
Հոկտեմբերին կազմակերպվող դասընթացների գծով դասախոսների կենսագրականներին կարող եք ծանոթանալ կից փաստաթղթում:
Մեկ կարևոր հավելում ծրագրով հետաքրքրվող ուսանողների համար. ցանկացողները կարող են 1 կամ 2 դաս անվճար ներկա գտնվել հոկտեմբերին կազմակերպվելիք դասընթացներին, ինչի համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հոկտեմբերի 3-ը նամակ հղել yerevan@umef-university@ch հասցեով: Նոյեմբերին կայանալիք դասախոսությունների վերաբերյալ կլինի հավելյալ ծանուցում:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնում (ՀՊՏՀ գլխավոր մասնաշենք, 3-րդ հարկ, հեռ.` 374 (10) 593426, էլ-փոստ` Prof_Mkhitaryan@yahoo.com):
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին