Կրթության որակը բարձրացնելու հարցում մենք պետք է համագործակցենք. Կորյուն Աթոյանը հանդիպեց ուսանողներին (լուսանկարներ)
11.10.2012
Դիտումների քանակ՝ 1087
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքի լեփ–լեցուն դահլիճում այսօր կայացավ բուհի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի հանդիպումը ուսանողների հետ։ Հանդիպումն անցավ անմիջական և անկաշկանդ մթնոլորտում, ուսանողները նախ շնորհակալություն հայտնեցին ռեկտորին՝ ուսանողների հետ հանդիպումներն ավանդաբար անցկացնելու համար, ուղղեցին իրենց հուզող հարցերը, որոշ հարցերի շուրջ ծավալեցին քննարկում։ Միաժամանակ նրանք ընդգծեցին, որ տեսնում են բուհում կատարվող դրական տեղաշարժերը, ինչի համար շնորհակալ են ռեկտորին։
«Ես որոշեցի կազմակերպել այս հանդիպումը՝ լսելու համար ձեզ հուզող հարցերը, այնպես որ ցանկանում եմ անկաշկանդ զրույց, քննարկում ունենանք»,– ուսանողներին այս խոսքերով քննարկման տրամադրեց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ պատրաստակամություն հայտնելով ուշադրությամբ լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու առաջարկությունները: Իսկ ուսանողների հարցերը բազմաբնույթ էին. նրանց հետաքրքրում էին կրթության ոլորտին, ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, ուսանող-դասախոս, ուսանող-գրադարան փոխհարաբերություններին, քննաշրջանի կազմակերպմանը, բացակայություններին առնչվող և շատ այլ հարակից խնդիրներ: Ռեկտորը սիրով մեկ առ մեկ խոսեց դրանց մասին` փորձելով ուսանողներին հուզող բոլոր հարցերին տալ սպառիչ պատասխաններ:
Կարևորելով ուսումնառության գործընթացում արդիական մեթոդների կիրառումը, նորագույն, ժամանակակից տեխնիկայով հագեցած ինտերակտիվ լսարանների ստեղծումը` Կորյուն Աթոյանը նշեց, որ ինքն արդեն հանձնարարական է տվել ուսումնասիրել խնդիրը և ներկայացնել, թե առաջիկայում քանի ինտերակտիվ լսարան է հնարավոր ստեղծել։ Ռեկտորի դիտարկմամբ՝ այսօր, արագ փոփոխվող աշխարհում պետք է գտնել այն եղանակներն ու մեթոդները, որոնք ուսանողին կդարձնեն պահանջված մասնագետ: Այս ուղղությամբ կատարվող աշխատանքներից ռեկտորն առանձնացրեց TEMPUS միջազգային ծրագիրը: Բուհի ղեկավարը հիշեցրեց, որ TEMPUS-ի շրջանակներում ՀՊՏՀ-ն շահել է երեք ծրագիր, իսկ դրանցից մեկի՝ «Արարատ» ծրագրի դեպքում դարձել համակարգող:
«Ուսանող-դասախոս հարաբերությունը ոչ թե հակառակ դիրքերից պետք է լինի, այլ մենք պետք է միասին հասկանանք, որն է ճիշտ, որն է սխալ»,-ասաց ռեկտորը՝ խոստանալով քննարկել հարցի շուրջ բոլոր առաջարկները։ Անդրադառնալով ՀՊՏՀ բակալավրիատում և մագիստրատուրայում գործող մասնագիտություններին և մասնագիտացումներին՝ Կորյուն Աթոյանը նշեց, որ բակալավրիատում գործող մասնագիտությունները պետք հստակեցվեն, իսկ մագիստրատուրայում ուսանողները պետք է ստանան ավելի նեղ մասնագիտացում: Բուհի ղեկավարը սիրով ու անկեղծորեն պատասխանեց ուսանողների` բացակայությունների, մասնագիտական գրականության պակասի և այլ շատ հարցերի, դրականորեն արձագանքեց նրանց խնդրանքներին:
«Մարդիկ տարբեր են ու մենք պետք է հարմարվենք միմյանց, պահպանենք համակեցության կանոնները և միասին, միահամուռ ուժերով փորձենք լուծել մեր առջև դրված խնդիրները: Մենք բոլորս պետք է ստեղծենք այն աշխարհը, որը մերն է: Կրթության որակը բարձրացնելու, այն ավելի մրցունակ դարձնելու հարցի շուրջ մենք պետք է հանդես գանք միասնաբար՝ մեր համագործակցությունը դնելով ավելի քաղաքակիրթ հիմքերի վրա, որովհետև միայն համատեղ ուժերով է հնարավոր հասնել այս խնդիրների լուծմանը։ Ներկայացրեք առաջարկներ բոլոր հարցերի շուրջ, քննարկենք, չէ՞ որ այն, ինչ մենք անում ենք, առաջինը անում ենք հենց Ձեզ համար, դուք եք պատվիրատուն»,- նշեց Կորյուն Աթոյանը:
Վերջում` ուսանողները շնորհակալություն հայտնեցին ռեկտորին`ջերմ, անկեղծ ու անմիջական երկխոսության, պարզ մարդկային շփման համար:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին