Սպասարկման ոլորտի էթիկետը՝ մեր ուսանողների ուսումնասիրության առարկա (լուսանկարներ)
09.10.2012
Դիտումների քանակ՝ 1684
ՀՊՏՀ զբոսաշրջության կառավարում մասնագիտության առկա ուսուցմամբ 3-րդ և նույն մասնագիտության հեռակա ուսուցմամբ 5-րդ կուրսերը «Սննդի ծառայությունների կազմակերպում» առարկայի դասը հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնի ասիստենտ Ստեփան Մանթարլյանի նախաձեռնությամբ երեկ անցկացրեցին «Անի Պլազա» հյուրանոցում: Հյուրանոց կատարած ուսանողների այցը հաճույքով լուսաբանեցինք մենք՝ ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցներս։
«Այս հյուրանոցը հարուստ է սրահներով, առաջարկում է բազմաթիվ ծառայություններ, մինչդեռ շատ տարիներ առաջ ընդամենը մի սրահ էր գործում: Ինքս էլ իմ աշխատանքային կարիերան սկսել եմ այստեղից, և պետք է ասեմ, որ այստեղ մարդիկ են, ովքեր 20 տարեկանից աշխատում են այս բնագավառում և իրենց կուտակած հարուստ փորձը պատրաստ են փոխանցելու ձեզ»,-դիմելով ուսանողներին՝ նշեց Ստեփան Մանթարլյանը` հավելելով, որ այսպիսի գործնական պարապմունքները շատ բան կարող են սովորեցնել և անչափ կարևոր են վաղվա կառավարիչների համար: «Մենք հյուրասեր ազգ ենք համարվում, սակայն չգիտենք հյուրասիրության կանոնները: Դրանք շատ կարևոր են սննդի ծառայությունների կազմակերպման և մատուցման գործում»,- ասաց Մանթարլյանը` ուսանողներին ուղեկցելով Շվեդական սեղանի սրահ: Այստեղ ՀՊՏՀ –ականներին դիմավորեցին սպասարկման ոլորտի փորձառու մասնագետներ, «Հրազդան» հյուրանոցի տնօրենի տեղակալ Միհրդատ Հարությունյանը և սրահի վարիչ Ռազմիկ Հունանյանը: Վերջինս ուսանողներին հանգամանորեն ներկայացրեց սրահի առանձնահատկությունները` նշելով, որ այս սրահում սպասարկվում են մեծ թվով այցելուներ` օգտագործելով քիչ աշխատուժ: Այնուհետև ուսանողները Միհրդատ Հարությունյանի ուղեկցությամբ այցելեցին հյուրանոցի խոհանոց, ծանոթացան այստեղ կատարվող աշխատանքներին: Գործնական դասը շարունակվեց հանդիսությունների սրահում: Այստեղ, ծանոթացնելով հյուրասիրության բոլոր կանոններին, «Հրազդան» հյուրանոցի փոխտնօրենը նշեց, որ հյուրերին դիմավորում է սրահի վարիչը և տեղավորում սեղանի շուրջ: Բանախոսի խոսքով` սեղանի ծածկոցն անպայման պետք է սպիտակ լինի, մաքուր և օսլայած: Սեղանին պետք է դրված լինեն աղաման, համեմունքների ամաններ և ատամ մաքրելու փայտիկներ, վուշից կամ բամբակե սպիտակ անձեռոցիկ, դանակ, պատառաքաղ և բաժակ: Միհրդատ Հարությունյանը անդրադարձավ նաև հյուրասիրության էթիկետի բոլոր կանոններին` հանգամանորեն ներկայացնելով տարբեր ուտեստների, ապուրների, հյութերի, քաղցրեղենի, խմիչքի մատուցման ձևերն ու եղանակները, դրանց համար նախատեսված սպասքը և մատուցման գործում մատուցողի կատարած կարևոր ու առանցքային աշխատանքը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին