Անցած երկու օրերին տեղի են ունեցել ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության քննությունները
Հոկտեմբերի 6-ին և 7-ին ՀՊՏՀ-ում տեղի են ունեցել հեռակա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության քննություններ «Մաթեմատիկա» առարկայից: Քննական երկու օրերի ընթացքում քննություն է հանձնել 266 դիմորդ: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ «Մաթեմատիկա» առարկայից քննություն հանձնածների մեծամասնությունը չի մասնակցել միասնական քննություններին, իսկ մի մասն էլ, չբավարարվելով միասնական քննությունից ստացած գնահատականով, վերահանձնել է:
ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի խորհրդատու Վահան Բաղդասարյանն էլ հավելեց, որ հոկտեմբերի 6-ի քննության արդյունքներն արդեն փակցված են: Վերջինս նշեց նաև, որ այսօր, մինչև ժամը 16.00-ը կհրապարակվի նաև հոկտեմբերի 7-ի քննության արդյունքները:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2012-2013 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ բակալավրիատի դիմորդների դիմում հայտերի ընդունումը սկսել էր օգոստոսի 10–ից և ավարտել սեպտեմբերի 20-ին: ՀՊՏՀ 26 մասնագիտություններին և մասնագիտացումներին հատկացված 520 տեղի համար դիմել է 527 դիմորդ: Ընդունելության քննությունները կկազմակերպվեն հոկտեմբերի 6-ին, 7-ին, 13-ին, 14-ին, 20-ին և 21-ին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին