ՀՊՏՀ-ում այսօր լուծարքային շրջանի վերջին օրն է

Դիտումների քանակ՝ 882

ՀՊՏՀ-ում այսօր երկրորդ լուծարքային շրջանի վերջին օրն է: Այս օրերին առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրիատի, առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի այն ուսանողները, ովքեր 2011-2012 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ամփոփիչ քննաշրջանի ընթացքում «անբավարար» գնահատականներ էին ստացել, հնարավորություն կունենան շտկելու դրանք: Անհաջողություններ գրանցած ուսանողները կվերահանձնեն քննությունները` համակարգչային թեստային, թեստային և գրավոր եղանակով: 
«Լուծարքային շրջանին մասնակից ուսանողների համար ստեղծվեցին բոլոր պայմանները, որպեսզի հանգիստ, առանց լարվածության կարողանան դրսևորել իրենց գիտելիքները և հաջողությամբ հանձնեն քննությունները: Պատահական չէ, որ լուծարքային շրջանի ընթացքում մինչ այսօր արտառոց դեպքեր, խանգարող հանգամանքներ չեն գրանցվել»,-լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը և հույս հայտնեց, որ քննությունների վերջին օրը նույնպես հաջողությամբ կավարտվի: 

Հիշեցնենք, որ 2011-2012 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ամփոփիչ քննաշրջանն անցկացվել է հունիսի 8-27-ը, առաջին լուծարքային շրջանը` հուլիս 2-11-ն ընկած ժամանակահատվածում: Երկրորդ լուծարքային շրջանը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին և կավարտվի այսօր` սեպտեմբերի 18-ին: Նշենք նաև, որ այսօր քննություններ կհանձնեն սեպտեմբերի 17-ին՝ ոչ աշխատանքային լինելու պատճառով այդ օրը քննություններ չհանձնած ուսանողները: 
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին