«Կամավորական լինելը մեծ պատասխանատվություն է». «Բաց դաս» ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 849

ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում այսօր տեղի ունեցավ ուսանողական խորհրդի կազմակերպած հերթական «Բաց դասը», որը կրում էր «Կամավորականությունն ուսանողության շրջանում» խորագիրը: «Բաց դասը» վարեցին «Counterpart International» քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի հայաստանյան ներկայացուցչության քաղաքացիական հասարակության գծով մասնագետ Գայանե Մարտիրոսյանը, քաղաքացիական հասարակության ծրագրի պատասխանատու Վահե Դարբինյանը և մարդու իրավունքների ու կառավարության հետ կապերի գծով մասնագետ Գայանե Վարդանյանը: Կարևորելով կամավորական շարժումը, որը մարդու աշխատանքի և ժամանակի տրամադրումն է առանց փոխհատուցման և վարձատրության ակնկալիքի, բանախոսները պարզաբանեցին կամավորական շարժման բնույթը, անդրադարձան մարդու կյանքի վրա նրա ազդեցությանը: 

«Կամավորական լինելը մեծ պատասխանատվություն է: Առաջին անգամ, երբ ինձ հնարավորություն տրվեց օգնելու տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց, ես վախի զգացում ունեցա: Սակայն ընդամենը մի քանի օրվա կամավորական աշխատանքը և մարդկանց օգտակար լինելու գիտակցումն ինձ նոր ուժ հաղորդեցին: Կամավորական շարժումն ինձ հնարավորություն տվեց ինքնահաստատվելու, հաղթահարելու բոլոր վախերը և մեր հասարակությանը օգտակար լինելու»,- սեփական օրինակով ներկայացնելով կամավորականությունը` Գայանե Վարդանյանը հորդորեց ուսանողներին գործուն մասնակցություն ունենալ կամավորական աշխատանքներում և դառնալ քաղաքացիական հասարակության լիարժեք անդամ:
Իսկ Գայանե Մարտիրոսյանն իր խոսքում նշեց, որ կամավորական շարժումը տալիս է գիտելիքներ, ինքնադրսևորվելու հնարավորություն, վստահություն սեփական ուժերի հանդեպ, և որ ամենակարևորն է, քաղաքացիական հասարակության լիարժեք անդամը լինելու գիտակցում:
«Իրական ու շոշափելի օգուտներից` փորձից, գիտելիքներից, մարդկանց հետ աշխատելու կարողությունից ու հմտությունից զատ, կամավորական շարժումը բերում է հոգևոր մեծ բավարարվածություն»,-նշեց Գայանե Մարտիրոսյանը:
Քաղաքացիական հասարակության ծրագրի պատասխանատու Վահե Դարբինյանի դիտարկմամբ` ուսանողության շրջանում կամավորական շարժումը զարգացնում է այնպիսի հմտություններ, հատկանիշներ ու գիտելիքներ, փորձառություն, որոնք օգնում են հետագայում գտնելու աշխատանք, մասնակցելու տարբեր միջազգային ծրագրերի: «Այսօր, ցանկացած գործատու կարևորում է ապագա աշխատակցի մասնակցությունը կամավորական շարժման մեջ և առաջնայնությունը տալիս է այդպիսի փորձ ունեցողներին»,- ասաց Վահե Դարբինյանը:
Ավարտին` կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Գրիշա Ամիրխանյանը շնորհակալություն հայտնեց բանախոսներին և կոչ արեց ուսանողներին կամավորական շարժման ակտիվ մասնակիցներ դառնալ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին