ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի շնորհավորանքի խոսքը նոր՝ 2012-2013 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ

Դիտումների քանակ՝ 1126

ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը նոր՝ 2012-2013 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորանքի խոսք է հղել, որը ներկայացնում ենք ստորև.

Սիրելի´ ուսանողներ, առաջին կուրսեցիներ, շնորհավորում եմ Ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ Սիրելի´առաջին կուրսեցիներ, այսօրը հատկապես հիշարժան է Ձեզ համար, ուստի ես առանձնահատուկ շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներ դառնալու կապակցությամբ՝ ողջունելով Տնտեսագիտական համալսարանը նախընտրելու ձեր որոշումը։

Նոր ուսումնական տարվա սկիզբը, որը խորհրդանշում է սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը, բեկումնային նշանակություն կարող է ունենալ ձեր հետագա գործունեության, որպես մարդ, անհատ և մասնագետ ձևավորվելու առումով։
Սիրելի´ ուսանողներ, դուք համալսարան ոտք եք դրել նոր գիտելիքներ ձեռք բերելու և լավ մասնագետ դառնալու հավակնությամբ։ Եվ դուք չե՛ք սխալվել: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը բարձր հեղինակություն է վայելում Հայաստանի կրթական համակարգում։ Արդեն շուրջ մեկ տարի է, մեր բուհը «Մենք փոխվում ենք» կարգախոսի ներքո ընթանում է բարեփոխումների ճանապարհով, որը ներառում է բուհական կյանքի տարբեր ոլորտներ՝ սկսած բուհի հեղինակության բարձրացմանը միտված բրենդային քայլերից մինչև կրթական, ուսումնական գործընթացի տարատեսակ փոփոխություններ։ 
Առաջի´ն կուրսեցիներ, այս նախնական տեղեկատվությունն առավել կարևոր է ձեզ համար, քանի որ ձեր ավագ ընկերներն արդեն տեղյակ են բուհում կատարվող փոփոխություններից։
Ցանկանում եմ վստահեցնել, որ բուհի ղեկավարությունն անելու է ամեն ինչ, որպեսզի ձեր ուսումնառության տարիները լինեն բովանդակալից և հետաքրքիր։ Անշուշտ, հնարավոր է հանդիպեք նաև դժվարությունների, բայց հուսով եմ, որ ըմբռնումով կմոտենաք՝ գիտակցելով, որ ձեր հարազատ բուհը առաջընթացի և նոր վերելքներ արձանագրելու ճանապարհին է։ Առաջին օրերին դուք կծանոթանաք մեր բուհի ուսումնառության կազմակերպման գործընթացին, անցուդարձին և, կարծում եմ, հետզհետե այն ձեզ համար կդառնա հարազատ։
Իմացեք նաև, որ ես բաց եմ քննարկումների և ուսանողների դրական նախաձեռնությունների համար. դուք կարող եք անվարան ներկայացնել ձեր լավ գաղափարները՝ այդպիսով ունենալով նաև ձեր ներդրումը մեր հարազատ կրթօջախի բարեփոխումների ճանապարհին։ 
Սիրելի´ ուսանողներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ, մաղթում օգտաշատ ուսումնառություն և հիշարժան ուսանողական կյանք։

Հարգանքով՝
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյան