Նոր ուսումնական տարին սկսված է. Ջերմ խոսքեր, տպավորություններ ու հետաքրքիր հայացքներ
Այսօր հարյուրավոր երիտասարդներ ու աղջիկներ, նոր սպասելիքներով, ապագայի հանդեպ հույսով ու հավատով ոտք դրեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շեմից ներս: Տնտեսագիտական մայր կրթօջախը հերթական անգամ սիրով ու ջերմությամբ ընդունեց իր նորընծա սաներին ու հնաբնակներին:
Համալսարանում ընթանում են շինվերանորոգման, կառուցապատման ու տեխնիկական լայնածավալ աշխատանքներ, որոնց նպատակը նոր ուսումնական տարում թարմացված գույքով, տեխնիկական վերջին շնչով հագեցած լսարաններում, բարեկարգ միջավայրում ուսումնական գործի կազմակերպումն ու անցկացումն է: Այնուհանդերձ, ՀՊՏՀ ղեկավարությունը ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների հետ համատեղ արեց հնարավորը` ընդգծելու օրվա խորհուրդը, առաջինցիների մուտքը ՀՊՏՀ հիշարժան ու տպավորիչ դարձնելու համար: ՀՊՏՀ նորընծա ուսանողներին դիմավորեցին ու ողջունեցին վեց ֆակուլտետների դեկանները: Ըստ մասնագիտությունների տեղավորվելով առանձին լսարաններում՝ առաջին կուրսեցիները ունկնդրեցին առաջին ներածական դասախոսությունները:
Կորյուն Աթոյանը նորեկներին նաև հայտնեց, որ բուհը «Մենք փոխվում ենք» կարգախոսի ներքո ընթանում է բարեփոխումների ճանապարհով, որի նպատակը կրթության որակի բարձրացումն է։ «Մեր աշխատանքը բաց է, մենք պատրաստ ենք լսել Ձեր ամեն մի խնդիրը։ Մենք պետք է հանդես գանք ոչ թե հակառակորդի դիրքերից, այլ պետք է համագործակցենք՝ կրթությունն ավելի որակյալ դարձնելու շուրջ»,– հայտարարեց ՀՊՏՀ ռեկտորը՝ կոչ անելով առաջին կուրսեցիներին ակտիվորեն համագործակցել բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողական խորհրդի հետ։ Նա նաև նշեց, որ բուհի բակը շինվերանորոգման մեջ է, և բուհի ղեկավարությունը անհարմարությունների համար հայցում է ուսանողների ներողամտությունը՝ վստահեցնելով, որ արդյունքում բուհի բակը ուսանողների համար կվերածվի հանգստի գոտու։
Առաջին կուրսեցիներին ողջույնի խոսքով դիմեցին նաև ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանն ու բուհի նախկին ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Գրիգոր Կիրակոսյանը։ Միքայել Մելքումյանը հպարտությամբ արձանագրեց, որ այսօր բուհում տեսել է իր նախկին ուսանողներին, որոնք արդեն իրենց երեխաներին են դասի բերել տնտեսագիտական համալսարան։ Մելքումյանը համոզմունք հայտնեց, որ նորեկների համար ևս մեր բուհը կդառնա հարազատ։ «Այսօր պահանջները շատ արագ են փոխվում, դուք եք լինելու այդ պահանջները բավարարողները, երկրի վաղվա շենացնողները»,– նշեց Գրիգոր Կիրակոսյանը՝ ընդգծելով, որ այսօր բուհում ստեղծված են լավ կրթություն ստանալու բոլոր պայմանները, իսկ մնացած ամեն ինչն արդեն կախված է ուսանողներից։
«Սիրելի ուսանողնե’ր, թող բարի լինի ձեր նորամուտը, և այն ոգևորությունն ու եռանդը, որոնցով համակված եք, թող ուղեկից լինեն ձեզ մշտապես: Այո’, դուք արդեն ուսանողներ եք, մեկ կարևոր նվաճում արդեն գրանցել եք ձեր կենսագրության մեջ: Այսուհետ ևս աշխատեք հաջողությամբ առաջ ընթանալ, իսկ ուսանողի հաջողությունը նախևառաջ լավ սովորելն է և վայելուչ կեցվածքը»,- դիմելով ֆինանսական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներին` ասաց ֆակուլտետի դեկան Սերգեյ Սուքիասյանը:
Այնուհետև ապագա ֆինանսիստների համար ներածական դասախոսությունները նորովի բացահայտեցին մասնագիտությունների հետաքրքրական ու մինչ այդ անծանոթ կողմերը:
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում դեկան Աշոտ Մաթևոսյանը, ողջունելով ապագա հաշվապահներին, հորդորեց. «Ուսանողական կյանք թևակոխելով` պահպանեք ձեր ընտրած մասնագիտություններին հարիր հավասարակշռված կեցվածքն ու կազմակերպվածությունը: Այսօրվանից հետևեք ձեզ առաջադրվող պահանջներին, ներգրավվեք ուսումնական գործընթացում և դարձեք ՀՊՏՀ մեծ ընտանիքի լիիրավ անդամ»:
Նոր ուսումնական տարվա մուտքն ազդարարեց նաև տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունները ֆակուլտետը: Նորեկներին դեպի իրենց լսարաններ ուղղորդեց դեկան Ատոմ Մարգարյանը: Այնուհետև ՀՊՏՀ գիտական աշխատանքների և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը և ֆակուլտետի ղեկավարն այցելեցին մարկրոտնտեսական կարգավորում և կանխատեսում, տեսական տնտեսագիտություն, միջազգային տնտեսական հարաբերություններ, բնօգտագործման տնտեսագիտություն, հողագույքային հարաբերություններ մասնագիտությունների առաջին կուրսեր:
«Առանց պատերազմի հաղթելու միակ ճանապարհը գիտելիքների ձեռքբերումն է: Միայն գիտելիքի հարուստ պաշար ունեցող մարդն է կյանքում քայլում հաստատ, հասնում հաջողությունների, գրանցում հաղթանակներ»,-շնորհավորելով և արդյունավետ ուսումնառություն մաղթելով առաջին կուրսեցիներին՝ պրոռեկտորը նրանց նվիրեց իր հեղինակած` «Գիտելիքահենք տնտեսություն» գիրքը: Առաջին կուրսեցիներին շնորհավորեց նաև ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը: «Հուսով եմ, որ այս 4 տարիները Ձեր կյանքում կիմաստավորվեն գիտելիքների ձեռքբերմամբ և կլինեն բեղմնավոր»,-իր խոսքում ասաց դեկանը և վստահեցրեց, որ պատրաստ է օգնելու և աջակցելու ցանկացած հարցում:
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մարքեթինգ, կոմերցիա և ապրանքագիտություն մասնագիտությունների ուսանողներին դիմավորեց և ողջունեց Թաթուլ Մկրտչյանը: «Ձեր տրամադրության տակ կլինեն նոր տեխնոլոգիաներով հագեցած ինտենետային սրահները, գրադարանն ու հարմարավետ ընթերցասրահները: Վստահ եմ, որ կօգտվեք սովորելու, գիտելիքներ ձեռք բերելու ձեզ ընձեռած հնարավորությունից և լավ կսովորեք»,- շնորհավորելով ֆակուլտետի նորաբնակներին` ասաց Թաթուլ Մկրտչյանը:
Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի առաջին կուրսեցիներին ողջույնի խոսք հղեցին ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքներին գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը և կառավարման տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանը` մաղթելով նորակոչիկներին արդյունավետ ուսումնառություն, առաջադիմություն և գիտելիքների կուտակման բերկրալի ճանապարհ: Դեկան Զաքար Կիրակոսյանը հանգամանորեն ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքը, ուսանողական առօրյան, ուսումնական բնականոն գործընթացի մեջ ներգրավվելու առաջինցիների առաջնահերթ քայլերը:
Առաջին կուրսեցիների հետ հանդիպմանը դեկանները ուսանողներին բաժանեցին նաև բուհի «Տնտեսագետ» ամսագիրը, որը, սիրելի ուսանողներ, պատրաստվում է բուհի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ամսագրի վերջին էջում նաև բուհի պաշտոնական կայքի (asue.am) հասցեն է. կայքի սպասարկմամբ ևս զբաղվում է մեր բաժինը։ Հուսով ենք, մենք բազմաթիվ առիթներ կունենանք անդրադառնալու ձեր ուսումնական հաջողություններին։ Սիրելի ուսանողներ, ևս մեկ անգամ շնորհավոր և բարի գալուստ ՀՊՏՀ մեծ ընտանիք։