Այս տարի ՀՊՏՀ–ում գրանցվել է առկա վճարովի մագիստրատուրայի դիմորդների ամենաբարձր ցուցանիշը
Օգոստոսի 26-ին, ժամը 18.00-ին ավարտվել է 2012-2013 ուսումնական տարվա համար ՀՊՏՀ առկա վճարովի մագիստրատուրայի դիմորդների հայտագրումը: ՀՊՏՀ առկա վճարովի մագիստրատուրայի 37 մասնագիտություններին և մասնագիտացումներին հատկացված 340 տեղի համար բուհ է դիմել 663 դիմորդ: Ամենաշատ թվով դիմորդներ են հայտագրվել վարկանշային համարվող կառավարման ենթաբաժնում ընդգրկված պետական և մունիցիպալ կառավարում, գործարար կառավարում, հակաճգնաժամային կառավարում, զբոսաշրջության կառավարում, կրթության կառավարում, ինչպես նաև ֆինանսական ենթաբաժնում ընդգրկված արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում, բանկային գործ, հանրային ֆինանսներ մասնագիտությունների և մասնագիտացումների, ինչպես նաև միջազգային տնտեսական հարաբերություններ, հաշվապահական հաշվառում, աուդիտ մասնագիտությունների գծով: Դիմորդների փոքրաթիվ քանակ է գրանցվել կառավարման տեղեկատվական համակարգեր, սոցիալական կառավարում, նախագծերի կառավարում, ստանդարտացում և որակի կառավարում մասնագիտություններով: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ընդունող ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը: Վերջինս նշեց նաև, որ անցած տարիների համեմատությամբ՝ այս տարի գրանցվել է առկա վճարովի մագիստրատուրայի դիմորդների ամենաբարձր ցուցանիշը:
Հիշեցնենք, որ 2012-2013 ուսումնական տարվա համար ՀՊՏՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելությունը կազմակերպվել է երկու փուլով: Երկրորդ փուլը` առկա վճարովի մագիստրատուրայի դիմորդների հայտագրումը սկսվել է հունիսի 15-ից:
Առկա վճարովի մագիստրատուրա ընդունելության շեմային քննությունները կկազմակերպվեն օգոստոսի 30-ին, ժամը 10.00-ին: Քննությունները կանցկացվեն բանավոր քննակարգով` համապատասխան մասնագիտական ամբիոնների կողմից: Մագիստրատուրայի ընդունելության քննությունների հարցաշարերը տեղակայված են ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Ընդունելություն» խորագրի «Մագիստրատուրա» բաժնի «ՀՊՏՀ առկա (վճարովի) և հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի 2012-2013 ուսումնական տարվա ընդունելության հարցաշարեր» վերնագրի ներքո: Քննական յուրաքանչյուր հարցաթերթիկ կպարունակի մասնագիտական 3 տեսական հարց:
Հաջողություն ենք մաղթում բոլոր դիմորդներին: