ՀՊՏՀ-ի 3 ծրագիր արժանացել է Տեմպուսի հավանությանը
Սիրելի ՀՊՏՀ-ականներ, ուրախությամբ և հպարտությամբ հայտնում ենք Ձեզ աննախադեպ լավ լուր. մեր բուհը` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Տեմպուսի 3 ծրագիր է շահել: Ամփոփվել են Տեմպուս IV-ի Առաջարկների 5-րդ մրցույթի արդյունքները և համաձայն Հայաստանում Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակի պաշտոնական կայքի` 108 ծրագիր ընտրվել է Տեմպուսի կողմից ֆինանսավորվելու համար: Այդ 108 ծրագրերից 3-ում հաղթող է ճանաչվել ՀՊՏՀ-ն:
Արդեն մեկ տարուց ավելի է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում իրականացվում են արմատական բարեփոխումներ, որոնց հիմնական արդյունքը պետք է լինի համեմատաբար կարճ ժամանակահատվածում կրթության որակի արմատական բարձրացումն ու գործատուների պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստումը: Այդ ուղղությամբ արդեն իսկ մի շարք գործատուների հետ կնքվել են մագիստրոսական համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու պայմանագրեր: Բարձրագույն կրթության միջազգային զարգացումները թևակոխել են մի փուլ, որտեղ կարևորվում է ուսումնառության վերջնարդյունքների` գիտելիքի, հմտությունների և կարողությունների համապատասխանությունը աշխատաշուկայի պահանջներին: Այս մարտահրավերներն ընդունելու և բարձրագույն կրթության ասպարեզում փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ է հզորացնել կարողությունները, փոխել ուսումնական ծրագրերը և վերապատրաստել դրանք իրականացնողներին: Այդ ամենը նպաստելու է կրթության որակի բարձրացմանը և շրջանավարտների ծառայողականության (ապագա աշխատանքին պատրաստության աստիճանը) բարձրացմանը:
Առաջնորդվելով տեսլականով և առաքելությամբ` ՀՊՏՀ-ն Եվրոպական Հանձնաժողովին ներկայացրել էր բարեփոխումների հավակնոտ ծրագրեր, որոնցից երեքն արժանացել են հավանության: Ընդ որում, ԵՄ հետ համագործակցության շրջանակներում ՀՊՏՀ-ն հայաստանյան բուհերից առաջինն է, որ ղեկավարելու է այդ ծրագրերից մեկը:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է բոլոր ՀՊՏՀ-ականներին և խոստանում ծրագրերին առավել մանրամասն անդրադառնալ առաջիկայում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին