«ՀՊՏՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ - 2012» հանդիսությունը շարունակվեց տոնական արարողությամբ (լուսանկարների շարք)

Դիտումների քանակ՝ 1081

«ՀՊՏՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ - 2012» միջոցառումը  հուլիսի 9-ը տոնական, հանդիսավոր ու հուզառատ օր դարձրեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտների կյանքում` մեկընդմիշտ ամրագրվելով նրանց հիշողություններում, հոգու  խորքերում: Առավոտյան ժամը 11.00-ից սկսած՝ բոլոր ֆակուլտետների հատուկ հատկացված լսարաններում առկա բակալավրիատի շրջանավարտներին հանձնվեցին  ավարտական պետական դիպլոմներ: Նրանց շնորհավորեցին դեկաններն ու ամբիոնների վարիչները:


ՀՊՏՀ դիպլոմների հանձնման միջոցառումը շարունակվեց երեկոյան ժամը 18.00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որտեղ ՀՊՏՀ ղեկավարությունն իր շրջանավարտներին ոչ միայն շնորհեց բարձրագույն կրթությունը փաստող վավերագրերը, այլև նվիրեց հանդիսավոր արարողություն, մշակութային միջոցառում: Ամբողջ ընթացքում շրջանավարտների կողքին էին համալսարանի ղեկավարությունը, վաստակաշատ գիտնական մանկավարժները, ծնողները ու հարազատները: Նրանք եկել էին իրենց սրտի խոսքը հղելու և բարի երթ մաղթելու իրենց սաներին, հարազատներին, զավակներին` հանրապետության տնտեսագիտական մայր բուհի շրջանավարտներին, նրանց, ովքեր վաղը կշենացնեն հայրենական տնտեսությունը, կզարգացնեն հայ տնտեսագիտական միտքը:
Շնորհավորելով ՀՊՏՀ շրջանավարտներին՝ ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը օրվա հերոսներին մաղթեց ամենայն բարիք, անձնական երջանկություն, մասնագիտական ու աշխատանքային հաջողություններ: Շրջանավարտներին ուղղված իր խոսքում, կարևորելով ուսումնական կյանքի ավարտ նշանավորող այս շրջափուլը, որն արձանագրում է երեկվա ուսանողների ներդրած ջանքերի արդյունքը, ռեկտորը նշեց.
«Այսօրը որքան ուրախալի, նույնքան էլ պատասխանատու է, քանզի ավարտելով Տնտեսագիտական համալսարանը և ստանալով ավարտական դիպլոմները` Դուք մտնում եք մեծ կյանք, որտեղ էլ փորձության են ենթարկվելու ոչ միայն Ձեր ստացած գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները, այլ նաև` մարդկային հատկանիշները։

Հուսով ենք, որ բուհից հեռանում եք միայն լավ տրամադրությամբ ու տպավորություններով, գիտելիքների մեծ զինանոցով և որպես մասնագետ ինքնահաստատվելու աննկուն վճռականությամբ»։ Ռեկտորը վստահություն հայտնեց, որ այսօրվա շրջանավարտների սերունդը լինելու է մեծ նվաճումներ ու առաջընթաց կերտող, իր հայրենիքի համար լավագույն ապագա կառուցող սերունդ:  
Ուսումնառության տարիներին բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներից մի քանիսին Կորյուն Աթոյանն անձամբ հանձնեց Կարմիր դիպլոմներ:


ՀՊՏՀ շրջանավարտներին շնորհավորանքի խոսք հղեց ՀՊՏՀ շրջանավարտների միության նախագահ Կարեն Ճշմարիտյանը: Նա մաղթեց, որ կյանքի նոր շրջափուլ թևակոխելով` իրենց նպատակներին հասնելու ճանապարհին երիտասարդ մասնագետները երբեք չզոհաբերեն պատիվն ու արժանապատվությունը և կառուցեն ազատ, անկախ ու բարեկեցիկ երկիր:
Օրվա հերոսներին շնորհավորեց նաև ՀՊՏՀ նախկին ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը, ով բարեմաղթանքների կողքին հորդորեց կյանքում գնահատել ու կարևորել աշխատանքը և երբեք չխզել կապը մայր բուհի հետ:


Ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանի կոչով բոլոր ներկաները ծափահարեցին այն շրջանավարտներին, որոնք ավարտելով համալսարանը` անմիջապես զինվորագրվել են հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Կարեն Ճշմարիտյանը, Գրիգոր Կիրակոսյանը, Սևակ Խաչատրյանը նույնպես հանդիսավոր կերպով հանձնեցին գերազանցության դիպլոմներ:
Շրջանավարտներին ու հյուրերին իրենց համերգային գեղեցիկ կատարումներով ողջունեցին «Reincarnation»  և  «The Beautified project» խմբերը:  Երկու ժամ շարունակ իշխեց կենսուրախ, երաժշտությամբ հագեցած մթնոլորտ, որը բոլորին երիտասարդական լիցքեր հաղորդեց:

Հիշեցնենք` 2011-2012 ուսումնական տարում ՀՊՏՀ–ն առկա ուսուցմամբ բակալավրիատի 23, հեռակա ուսուցմամբ բակալավրիատի 11 և առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 31  մասնագիտություններով և մասնագիտացումներով  թողարկել է 1870 շրջանավարտ:
 Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը բոլոր 1870 շրջանավարտներին մաղթում է մասնագիտական խոստումնալից ճանապարհ, կայացման փայլուն հեռանկարներ, անձնական երջանկություն ու գործուն մասնակցություն ստեղծարար, կառուցողական ու հայրենաշեն  գործին:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին