ՀՊՏՀ-ն ճանապարհում է շրջանավարտներին. դիպլոմների հանձնման արարողությունը՝ իսկական տոն (լուսանկարների շարք)
Այսօր ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների կամարների ներքո թևածում էր տոնական տրամադրությունը: Լուսավոր մի օր, որն առկա ուսուցմամբ բակալավրիատի շրջանավարտների հիշողության մեջ ընդմիշտ մնաց որպես բուհական ուսումնառության ավարտը խորհրդանշող, նոր ճանապարհի սկիզբը նախանշող մի գեղեցիկ ակնթարթ. այսօր նրանց հանձնվեցին բարձրակարգ մասնագետի որակավորումը հավաստող ավարտական վկայագրեր` դիպլոմներ: Միջոցառման սկիզբը ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետներում ազդարարվեց ժամը 11.00 –ին:
ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում հավաքվեցին կառավարման ֆակուլտետի առկա ուսուցմամբ բակալավրիատի շրջանավարտները: «Այսօր բոլորս ենք հուզված: Տեսնելով ձեզ այսպես ուրախ ու երջանիկ՝ հպարտանում ենք, քանի որ ձեր մեջ ենք տեսնում մեր 4 տարիների աշխատանքի արդյունքը: Մաղթում եմ, որ այս դիպլոմները դառնան նոր կյանքի ու առաջընթացի ուղենիշ»,-շնորհավորելով շրջանավարտներին`միջոցառման սկիզբն ազդարարեց ֆակուլտետի փոխդեկան Սամվել Գրիգորյանը:
Ֆակուլտետի նորանշանակ դեկան Միքայել Թավադյանը, շնորհավորելով շրջանավարտներին, ասաց, որ դիպլոմը մի հաղթանակ է, որ հնարավորություն է տալիս ինքնահաստատվելու, կայանալու, բարձունքներ նվաճելու ու երբեք չբավարարվելու ձեռք բերածով, ձգտելու ու հասնելու մասնագիտական գիտելիքների որակական նոր աստիճանի, տիրապետելու հմտությունների: Դեկանը հաջողություններ մաղթելով շրջանավարտներին և հորդորելով ուսումը շարունակել մագիստրատուրայում` ասաց. «Բուհի ղեկավարությունը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի դուք ժամանակի պահանջներին համահունչ և բարձրորակ կրթություն ստանաք, գտնեք ձեր տեղը աշխատանքի շուկայում: Այդ նպատակով առաջին անգամ բուհի կյանքում ընդունելություն է կատարվում մագիստրոսական վճարովի կրթական կամ, այսպես կոչված, «պիլոտային» ծրագրերով: Գործատուները տնտեսագիտական մայր համալսարանի հետ համատեղ ուժերով կպատրաստեն այնպիսի մասնագետներ, որոնք կունենան հարուստ մասնագիտական գիտելիքներ, կտիրապետեն օտար լեզուների, համակարգչային ծրագրերի և արդյունքում` կունենան երաշխավորված աշխատատեղ»:
Այնուհետև Միքայել Թավադյանը և Սամվել Գրիգորյանը դիպլոմներ հանձնեցին շրջանավարտներին:
Միջոցառման ավարտից հետո ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում հակաճգնաժամային կառավարում մասնագիտության գերազանցիկ ուսանող Աստղիկ Եղոյանը նշեց, որ հպարտ է իր Կարմիր դիպլոմով, որն իր կատարած աշխատանքի արդյունքն է: «Հետադարձ հայացք ձգելով այս չորս տարիների անցած ճանապարհիս` պետք է խոստովանեմ, որ երբեք չեմ ափսոսել, որ սովորել եմ հենց այս բուհում»,- ասաց Աստղիկը և վստահեցրեց, որ ձեռք բերածով չի բավարարվելու և ուսումը շարունակելու է մագիստրատուրայում:
Կառավարում մասնագիտության շրջանավարտ Անի Մինասյանը ստացած դիպլոմը համարում է սեփական ուժերով ձեռք բերած ամենակարևոր ու նշանակալի նվաճումը:
«Ողջունում եմ ձեզ` արդեն որպես տնտեսագետներ: Դուք այսօր ստանում եք բակալավրի աստիճանը հավաստող դիպլոմներ և հնարավորություն եք ունենում իրացնելու ձեր մասնագիտական գիտելիքները և գրանցելու աշխատանքային առաջընթացներ»,- բարեմաղթելով շրջանավարտներին`ասաց տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը: Շրջանավարտներին բարի ու կանաչ ճանապարհ մաղթեցին ամբիոնի վարիչներ Գրիգոր Աղաջանյանը և Իշխան Տիգրանյանը:
Շրջանավարտ Տիգրան Սաֆարյանն ուրախ էր ու հպարտ, որ ավարտում է հենց այս բուհը: Ինչպես նշեց նա` այստեղ շատ բան է սովորել, ստացել է անհրաժեշտ գիտելիքներ, ձեռք բերել կյանքի մեծ փորձ: Նա վստահ է, որ դիպլոմն իր առջև կբացի նորանոր դռներ և կբերի հաջողություններ:
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում ևս միջոցառումը գեղեցիկ էր կազմակերպված: «Դիպլոմների հանձնման այս արարողությունը կազմակերպական տեսակետից արդյունավետ անցավ և, ըստ էության, յուրաքանչյուր շրջանավարտ, իր հարազատ բուհում ստանալով դիպլոմը, ջերմությամբ հեռացավ՝ իր հետ տանելով բոլոր դրական հիշողությունները, և նրանց նշանակալի մասը պատրաստակամություն հայտնեց շարունակելու կրթությունը մագիստրատուրայում»,– մեզ հետ զրույցում ասաց դեկան Աշոտ Մաթևոսյանը` բարձր գնահատելով դիպլոմների հանձնման արարողությունը ՀՊՏՀ ֆակուլտետներում կազմակերպելու իրողությունը, ինչով, ըստ դեկանի, արժևորվում է ֆակուլտետների դերը՝ որպես ստորաբաժանումներ:
Բանկային համակարգում արդեն աշխատանք գտած հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտության շրջանավարտ Վահե Մարտիրոսյանը վստահություն հայտնեց, որ դիպլոմն իր առջև նոր ճանապարհներ կբացի: Կարմիր դիպլոմի արժանացած հաշվապահական հաշվառումն ըստ ճյուղերի մասնագիտության շրջանավարտ Անի Դավթյանն էլ նշեց, որ գիտելիքի ձեռքբերումից զատ, կարևորում է մարդկային անկեղծ շփումները, ֆակուլտետում տիրող անմիջական ու ջերմ հարաբերությունները. այս ամենն են օգնել, որ լավ սովորի, ձեռք բերի անհրաժեշտ գիտելիքներ և արժանանա Կարմիր դիպլոմի:
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում շնորհավորելով շրջանավարտներին` դեկան Թաթուլ Մկրտչյանը, բոլորին մաղթեց, որ դիպլոմները դառնան առաջխաղացումների և հաջողությունների գրավականներ և կարևոր դեր ունենան նրանց կյանքում: Շրջանավարտներին շնորհավորեցին և հաջողություններ մաղթեցին նաև ամբիոնների վարիչները:
«Այս դիպլոմները մեզ հույս, հնարավորություն, ուժ և ապագայի հանդեպ վստահություն են տալիս»,- մեզ հետ զրույցում դիպլոմի արժեքը գնահատեց բիզնեսի կազմակերպում մասնագիտության շրջանավարտ Լիանա Կոստանյանը:
Ֆինանսական ֆակուլտետի առկա բակալավրիատի շրջանավարտներին շնորհավորեցին և հաջողություններ մաղթեցին դեկան Սերգեյ Սուքիասյանը, ամբիոնների վարիչներ Աշոտ Սալնազարյանը, Սուրեն Պողոսյանը և պրոֆեսոր Լուկաշ Բադանյանը:
Ապահովագրական գործ մասնագիտության շրջանավարտ Ֆլորա Եսայանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն շատ է ուրախացնում այն հանգամանքը, որ սիրելի ՀՊՏՀ-ին ու ֆակուլտետին չի պատրաստվում հրաժեշտ տալ. շարունակելու է սովորել մագիստրատուրայում: Իսկ ձեռքին պահած դիպլոմում կարդալով իր անուն- ազգանունը` անմեկնելի զգացումներ է ունենում և ուզում է շնորհակալության ու երախտագիտության խոսքեր է հղել բոլոր նրանց, ովքեր նպաստեցին իր` որպես մասնագետի կայացմանը:
Նշենք, որ 2011-2012 ուսումնական տարում ՀՊՏՀ–ն առկա ուսուցմամբ բակալավրիատի 23, հեռակա ուսուցմամբ բակալավրիատի 11 և առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 31 մասնագիտություններով և մասնագիտացումներով թողարկել է 1871 շրջանավարտ:
Հիշեցնենք, որ հանդիսավոր միջոցառումն այսքանով չի ավարտվում: Բոլոր շրջանավարտներն այսօր ժամը 18.00-ի հրավիրվում են «Արամ Խաչատրյան» համերգասրահ` մասնակցելու տոնական շքեղ միջոցառմանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին