Ռեկտոր Կորյուն Աթոյանը Լևոն Խչեյանին հանձնեց ՀՊՏՀ ոսկե հուշամեդալը

Դիտումների քանակ՝ 1007

ՀՊՏՀ ռեկտորատի այսօրվա նիստը սկսվեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի բնորոշմամբ՝ հաճելի առաքելությամբ։ Բուհի ղեկավարը տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Լևոն Խչեյանին հանձնեց հունիսի 20–ի գիտխորհրդի նիստում հայտարարված պարգևը։

Հիշեցնենք, որ գիտական խորհրդի նիստում ռեկտոր Կորյուն Աթոյանը հայտարարել էր, որ տնտեսության զարգացման և տնտեսագիտական կադրերի պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Լևոն Խչեյանը պարգևատրվում է ՀՊՏՀ ոսկե հուշամեդալով։ Վերջինս, սակայն, առողջական խնդիրների պատճառով չէր կարողացել ներկայանալ գիտխորհրդի նիստին, ինչի պատճառով ռեկտորն այսօր հանձնեց պարգևը։

«Պարոն Խչեյանը բուհի ստեղծման օրվանից աշխատել է այստեղ և մեծ ներդրում ունի տնտեսագիտական կադրերի պատրաստման գործում»,– հուշամեդալը հանձնելուց առաջ իր խոսքում նշեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ շնորհակալություն հայտնելով Լևոն Խչեյանին բուհի զարգացման գործում ներդրած ավանդի համար, ինչպես նաև շնորհավորելով հուշամեդալին արժանանալու կապակցությամբ։

Պատասխան շնորհակալական խոսքում Լևոն Խչեյանը նշեց, որ ինքն իր կյանքում շատ պարգևների է արժանացել ու չբացառեց, որ դեռ նորերն էլ կլինեն։ «Բայց այս պարգևը ինձ համար ամենաթանկն է, որովհետև ես ամբողջ կյանքս անցկացրել եմ այս բուհում»,– ասաց Լևոն Խչեյանը՝  շնորհակալություն հայտնելով Կորյուն Աթոյանին։

Նշենք, որ հունիսի 1–ին Լևոն Խչեյանը բոլորեց 70–ամյակը։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին