Հովիկ Աբրահամյանը դրական է համարել գործատուների հետ մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնելու ՀՊՏՀ նախաձեռնությունը. հանդիպում ԱԺ–ում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 18-ին հանդիպեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի անդամների և բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ:
Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքից, որտեղ տեղադրված հայտարարության մեջ նաև ասվում է. «Որպես ՀՊՏՀ խորհրդի նախագահ` խորհրդարանի ղեկավարը ուսանողների հետ քննարկեց նրանց առաջիկա ծրագրերն ու անելիքները: Ուսանողները խոսեցին նոր նախաձեռնությունների մասին, ներկայացրին բուհի ընթացիկ խնդիրները: ԱԺ նախագահը, հետաքրքրվելով քննաշրջանի ընթացքով, ընդգծեց կրթական հաստատությունում կոռուպցիոն ռիսկերը համատեղ ջանքերով բացառելու անհրաժեշտությունը: Հովիկ Աբրահամյանը ուսանողներին լավ սովորելու և գիտելիքները հարստացնելու կոչ արեց` հիշեցնելով, որ լավ մասնագետը պահանջված է միշտ: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը փորձառության լավ հնարավորություն համարեց գործատուների հետ մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնելու` համալսարանի նախաձեռնությունը: ԱԺ նախագահը ուսխորհրդի անդամներին հորդորեց ակտիվ լինել նաև կրթական ծրագրերը, բարեփոխումները իրագործելու հարցում և լավ արդյունքի հասնելու համար համագործակցել բուհի ղեկավարության հետ:
Պարոն Աբրահամյանն ապագա տնտեսագետներին տեղեկացրեց, որ սեպտեմբերից կսկսվի երիտասարդական նոր խորհրդարանի ձևավորումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր ևս»:
Լուսանկարը` ԱԺ պաշտոնական կայքից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին