Ռեկտոր Կորյուն Աթոյանը ՀՊՏՀ ՇԼԿ կենտրոնում վերապատրաստվածներին հավաստագրեր հանձնեց (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1113

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության (ՇԼԿ) կենտրոնում` քաղաքացիական ծառայության խորհրդի 2006թ. սեպտեմբերի 8-ի թիվ 740-Ա որոշմամբ հաստատված` քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրին մասնակից` հանրապետության գրեթե բոլոր գերատեսչությունների առաջատար և կրտսեր քաղծառայողների հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:


«Ողջունելի է, որ դուք շարունակական կրթության համակարգում խորացնում ենք ձեր գիտելիքները: Վստահ եմ, որ անհրաժեշտ գիտելիքներ եք ձեռք բերել, որոնք կօգնեն ձեզ լուծելու ձեր առաջ դրված խնդիրները»,-շնորհավորելով մասնակիցներին ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնում դասընթացներն ավարտելու և հավաստագրեր ստանալու կապակցությամբ` ասաց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, որից հետո ՀՀ գերատեսչությունների առաջատար և կրտսեր մասնագետներին հանձնեց հավաստագրեր: 


ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության Արագածի տարածքային բաժնի առաջատար մասնագետ Հրաչյա Նազարեթյանը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը, ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի աշխատակիցներին, կառավարման տեղեկատվական տեխնոլոգիաների դասընթացի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոբերտ Յոլչյանին` դասընթացները արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու համար:
Միջոցառման ավարտից հետո ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնից տեղեկացրեցին, որ վերապատրաստման դասընթացների մասնակիցների այս խումբը բաղկացած է եղել 33 հոգուց, դասընթացները տևել են հունիսի 1-15-ը: Այս փուլի ամփոփումով ավարտվել է ՀՀ քաղծառայության խորհրդի` քաղծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների նպատակով մարտի 26-ից հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում կազմակերպված դասընթացները: 
Կենտրոնի տեղեկացմամբ` «Համակարգչային տեխնոլոգիաների կառավարում»  ծրագրի շրջանակում, վերպատրաստման դասընթացներն ավարտել են ՀՀ գրեթե բոլոր գերատեսչությունների 250 բարձրագույն և գլխավոր, առաջատար և կրտսեր մասնագետներ: Յոթը փուլով կազմակերպված երկշաբաթյա դասընթացներն ընթացել են հետևյալ ուղղություններով` համակարգչային տեղեկատվական տեխնոլոգիաներ և կառավարում, կառավարչական հմտություններ, ՀՀ սահմանդրական փոփոխություններ, «ՀՀ քաղաքացիական ծառայության մասին» օրենքի փոփոխություններ:
Վերապատրաստման դասընթացների աշնանային փուլը կմեկնարկի սեպտեմբերից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին